Ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարին չի բողոքում առողջական վիճակից։ Այս մասին փետրվարի 24-ին խորհրդարանում ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին։
Նա նշել է, որ Գասպարին փետրվարի 19-ին տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ մինչեւ փետրվարի 22-ը կարանտինի մեջ է եղել, որից հետո նրան տեղափոխել են խուց։ Այնտեղ նա պառկել է հատակին եւ մնացել պառկած, ինչ պատճառով բանտախցի մյուս ներկայացուցիչների հետ հարաբերությունները վատացել են։ Դրանից հետո նրան տեղափոխել են այլ բանտախուց, իսկ ավելի ուշ՝ հոգեբուժական հիվանդանոց։ Բուժզննումից հետո նա պետք է վերադառնա բանտ։ «Բժիշկների հարցերին նա պատասխանել է, որ առողջական գանգատներ չունի։ Հարցեր ունեն բանտակիցները», հենց այդպես էլ նա ասել է»,- հավելել է Հովհաննիսյանը։





























