Հայաստանում ինքնասպանություն գործողների թիվն ավելի քիչ է, քան եվրոպական երկրներում:  Այս մասին այսօր` փետրվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը` նշելով, որ թույլ փիլիսոփայություն ունեցող մարդիկ են գնում ինքնասպանության:

«Ցանկացած սթրես մարդուն կարող է ինքնասպանության դրդել, ցանկացած մարդ ենթարկվում է  խորը դեպրեսիայի, բայց մեկն անում է, մեկը ոչ: Ուրեմն պատճառը պետք է փնտրել մարդու ներսում: Դեռահաս տարիքում ինքնասպանությունը կարող է ռոմանտիկա դիտվել  եւ նրանք գնան այդ քայլին: Ինքնասպանություն գործողները խնդիրներն ապրում են, ոչ թե լուծում, իսկ ինքնասպանություն չգործողը խնդիրը լուծում է: Մարդիկ կան հարձակվում են խնդիրների վրա, լուծում դրանք, իսկ ինքնասպանություն գործողները  փախչում են  խնդիրներից»,-ասաց նա:

Հոգեբանի խոսքով, եթե անձը հանկարծ ակնարկում է, որ կյանքն իմաստ չունի այլեւս, դա կարող է լինել ինքնասպանության գնալու քայլի նախանշան եւ նրա հարազատները պետք է զգոնություն ցուցաբերեն:

 «Եթե ինչ-որ մեկի  նախնիների մեջ ինքնասպանություն գործած մարդ կա, պետք է եւս զգույշ լինել, կամ, եթե հարազատները տեսնում են, որ մարդն ինչ-որ գումարներ է հավաքում, հետն էլ գրանցումներ է անում,  եթե նայեն, կտեսնեն, որ թաղման ծախսերն է հավաքում եւ հենց գումարը հավաքվում է, ինքնասպանություն է գործում»,-ասաց նա` նշելով, որ անձը հոգեկան սուր խանգարման վիճակում երբեք չի կատարում ինքնասպանություն, դուրս է գալիս այդ իրավիճակից եւ նոր կատարում  ինքնասպանությունը: