News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 25-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել է Բեռլինի Հումբոլդտի համալսարան՝ մասնակցելու «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին,  որտեղ հանդես է եկել ելույթով.

«Օսմանյան կայսրությունում եւ Քեմալական Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը համարվում է 20-րդի մեծագույն աղետներից մեկը, որը խլել է հարյուր հազարավոր անմեղ հույների կյանք: Անշուշտ, ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ ե՛ւ որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ, ե՛ւ որպես երկու ազգերի ժառանգ, ում նախնիները ցեղասպանություն են վերապրել: 

Նախքան բուն զարգացումներին անդրադառնալը, կցանկանայի վեր հանել այս սարսափելի ողբերգության արմատները: Ես կպնդեի, որ այս հանցագործությունը միայն Առաջին աշխարհամարտի հետեւանքով առաջացած եւ դրանով սահմանափակվող քաոսային երեւույթ չէր: Այն սկիզբ է առնում 19-րդ դարում սուլթան Աբդուլ Համիդի օրոք տեղի ունեցած քրիստոնյաների ջարդերից՝  շարունակվելով մինչեւ 20-րդ դար, երբ Ադանա քաղաքում 1909 թվականին կոտորվեց 30 հազար հայ: 

Ավելին՝ 1911 թվականի Սալոնիկի համագումարի ժամանակ Երիտթուրքերի կողմից որոշում կայացվեց, համաձայն որի կայսրության քրիստոնյա ժողովուրդները, որոնք համարվեցին «երկրի առաջընթացը խոչընդոտող անվստահելի տարր», դատապարտվեցին ոչնչացման եւ ձուլման: Վերոնշյալը ցույց է տալիս, որ դեռ մինչեւ Առաջին աշխարհամարտը թուրքերը որդեգրել էին ցեղասպան քաղաքականություն՝ նպատակ ունենալով բռնի կերպով ձուլել կայսրությունում բնակվող ողջ քրիստոնյա բնակչությանը:

Քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ ճնշումները սկսվեցին 1913-1914 թվականներին Փոքր Ասիայի արեւմտյան ափին բնակվող հունական եւ հայկական բնակչության բռնագաղթով եւ նրանց հանդեպ վայրագություններով: Դրանք վերահսկվում եւ ղեկավարվում էին ներքին գործերի նախարար Թալեաթի եւ դոկտոր Նազըմ Բեյի՝ երիտթուրքական կառավարության ամենաազդեցիկ անդամներից մեկի կողմից:

1915 թվականի հոկտեմբերին Օսմանյան կառավարության Ռազմական նախարար Էնվեր փաշան գերմանացի ռազմական կցորդի ներկայությամբ հայտարարեց. «Մենք կլուծենք հույների հարցն այնպես, ինչպես լուծեցինք հայերինը»:

Հայերի ցեղասպանությունը դատապարտվեց դեռեւս 1915 թվականին միջազգային հանրության կողմից: Անտանտի պետությունների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունը պատմության մեջ առաջին անգամ որակվեց որպես «մարդկության եւ քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն»: Նույն ճակատագիրն էր սպասում նաեւ հույներին եւ ասորիներին:

Հարկ է հիշատակել, որ չնայած Առաջին աշխարհամարտի ավարտին` քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ դաժանությունները շարունակվեցին: 1919-1922 թվականներին Պոնտոսի հույները մեծապես տառապում էին Քեմալական Թուրքիայի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունից:

1921 թվականին «The New York Times» թերթը մասնավորապես գրում էր, որ մոտավորապես 700 հազար հույն կոտորվել, արտաքսվել կամ մահացել է սովից հույն-թուրքական պատերազմն սկսվելուց ի վեր: Հույների հանդեպ բռնության այս նոր ալիքը հասավ իր գագաթնակետին 1922 թվականի սեպտեմբերին, երբ Մուստաֆա Քեմալի զորքերը ներխուժեցին Զմյուռնիա: Քաղաքը հրո ճարակի վերածվեց, հունական եւ հայկական թաղամասերն ամբողջությամբ ոչնչացվեցին: Այս ողբերգությունը խլեց ոչ միայն 170-250 հազար հայի եւ հույնի կյանք, այլեւ ոչնչացրեց նրանց պատմամշակութային հուշարձանները:

Ուինսթոն Չերչիլը Զմյուռնիայի վայրագությունները հետեւյալ կերպ բնութագրեց. «Քեմալը քաղաքը մոխրի վերածեց եւ ամբողջությամբ ոչնչացրեց քրիստոնյա բնակչությանը»: Զմյուռնիայի իրադարձություններին անդրադարձավ նաեւ Էռնեստ Հեմինգուեյն իր պատմվածքներից մեկում:

Այս հանցագործությունը ճանաչվեց ժամանակի բազմաթիվ ականավոր գործիչների կողմից:  Հետագայում քչերը, սակայն, բարձրաձայնեցին անմեղ քրիստոնյաների հանդեպ Օսմանյան կայսրության գործողությունները դատապարտելու կարեւորության մասին: Նրանց թվում է Հայաստանի Հանրապետությունը:

Ես հպարտությամբ եմ նշում, որ անցյալ տարվա մարտի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն ընդունել է հայտարարություն, որով դատապարտել է հույների եւ ասորիների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում:

Հուսով եմ, որ այլ երկրներ կհետեւեն մեր օրինակին եւ կդատապարտեն այդ սարսափելի հանցագործությունը: Ցավոք, Թուրքիան առայսօր շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը:

Եկեք չմոռանանք, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Մեր օրերում Մերձավոր Արեւելքը կանգնած է նույն սպառնալիքների առջեւ, որոնց առջեւ մեկ հարյուրամյակ առաջ կանգնեցին հայերը, հույները եւ ասորիները: Այժմ էլ Թալեաթի եւ Քեմալի հետնորդներն իրականացնում են մեկ այլ ցեղասպանություն Օսմանյան կայսրության երբեմնի տարածքներից ոչ շատ հեռու: Մենք ականատեսն ենք մեկ այլ ցեղասպանության, քանի որ հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը շարունակում է մնալ չճանաչված: Իմ դիտարկմամբ ժխտողականությունը հավասարազոր է հանցագործության իրականացմանը: Նույնը վերաբերում է նաեւ լռությանը:

Հետեւաբար, ես կոչ եմ անում միավորվել հանուն ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման եւ թուրքական ժխտողականության դեմ անկախ ազգային եւ կրոնական պատկանելությունից: Կարծում եմ՝ սա միակ ուղին է բացառելու մարդկության պատմության այս ամոթալի եւ սարսափելի էջի կրկնությունը: 

Ինչպես ասում էր Անատոլ Ֆրանսը, մեծ նվաճումների հասնելու համար մենք պետք է ոչ միայն գործենք, այլեւ երազենք, ոչ միայն ծրագրենք, այլեւ հավատանք: Եվ ես այսօր մի երազանք ունեմ: Ես երազում եմ այն մասին, որ Ցեղասպանության ժխտումը շուտով ավարտվի, քանի որ միայն դրանից հետո վերջ կդրվի ցեղասպանություններին:

Կարծում եմ, որ Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանումը, դրանց ճանաչումը եւ դատապարտումը լույս կսփռի եւ կցրի խավարը: Ես հավատում եմ լույսի հաղթանակին, հուսով եմ՝ նաեւ դուք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ