Մերձմոսկովյան շրջանում սպանված հայ գործարար Սերգեյ Մկրտչյանի վրա կրակել են չորեքշաբթի ցերեկը։ Սպանության ակամա վկա է դարձել նրա ընկերը, որը ոտքից վիրավորվել է։ Հնարավոր է, որ Մկրտչյանի նկատմամբ հաշվեհարդար են տեսել բիզնեսում նրա մասնաբաժնի համար։
«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի տեղեկություններով՝ 34-ամյա երեւանցի գործարարի (նա 20 տարի է՝ ապրում է ՌԴ-ում) վրա հարձակվել են «Օխոտնիչիյ դվորիկ» սրճարանի մոտ։ Lexus GX ամենագնաց մեքենան, որի ղեկին եղել է 36-ամյա Սերգեյը, իսկ նրա կողքին՝ ինքը՝ Մկրտչյանը, կայանել էր ավտոլվացման կետում։ Մեքենային էր մոտեցել անհայտ անձը եւ 5 անգամ կրակել գործարարի վրա։ 4 փամփուշտը մխրճվել էին զոհի կրծքավանդակի մեջ։ Իսկ մեկը՝ վարորդի ոտքը։ Նրան հոսպիտալացրել էին, իսկ ավելի ուշ վկան հայտնել էր, որ մարդասպանն ունեցել է մոտ 180 սմ հասակ, մուգ գույնի, աչքի չընկնող հագուստ, իսկ դեպքի վայրից փախուստի էր դիմել մոխրագույն «ՎԱԶ 2114» -ով։
Մկրտչյանի ծանոթները հայտնել են, որ տղամարդը վերջին 3 տարում ղեկավարում էր «Մեդոմ» ընկերությունը, որն աշխատում էր Շելկովսկոե շրջանում եւ մայրաքաղաքում մասնաճյուղ ուներ։ Սակայն Մկրտչյանին պատկանում էր այց բիզնեսի միայն մի մասը, մնացած բաժնեմասերը պատկանում են այլ անձանց։ Մկրտչյանի բիզնեսը օրինական է եղել, նրա հասցեին սպառնալիքներ չեն հնչել, իսկ գործերն էլ վերջին ժամանակներս լավ էին գնում։ Հնարավոր է, ձեռներեցը մասնակցում էր այլ բիզնես նախագծերի, սակայն դժվար է ասել, թե կոնկրետ ինչպիսի։ Քննիչները ստուգում են փաստաթղթաշրջանառությունը եւ նրա շփման շրջանակները։
Հարուցվել է քրեական գործ «սպանություն» եւ «ապօրինի զենք կրելու» հոդվածներով։

































