Հայտնի է արդեն, թե մարտի 6-ից Հանրապետության որ մարզերում կանջատվի անալոգային հեռարձակումը:

«Արարատի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի անապահով խավին արդեն բաժանել ենք թվային հեռարձակման սարքերը: Հետեւաբար, այս մարզերում մարտի 6-ից կանջատվի անալոգային հեռարձակումը»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Տրանսպորտի եւ կապի նախարարության «Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:

Դեռեւս հայտնի չէ, թե Սյունիքում, Արագածոտնում, Արմավիրում եւ Երեւանում երբ կանցնենք թվային հեռարձակման:

Հիշեցնենք, որ հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգի պետք է անցնեինք դեռեւս հունվարի 1-ին, սակայն սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար տրամադրվելիք սարքերը Հայաստան բերվեցին միայն կեսին: Նշենք, որ պետությունն այս պահին պատվիրել է 48 հազար 700 սարք, որոնք բաժանում են անապահով ընտանիքներին: