Մի խումբ ավտովարորդներ, այսօր` փետրվարի 27-ին, հավաքվել են Նոր Արեշ 8-րդ փողոց –Այվազովսկի փողոցների խաչմերուկում եւ պահանջել են դադարեցնել ԱՊՊԱ գործակալների «շարունակական խաբեությունները եւ շորթումները»:
Ակցիան կրում է «Ավտովարորդները հրաժարվում են հանդուրժել ԱՊՊԱ գործակալների շարունակական խաբեությունները եւ շորթումները» անվանումը:
Ավտովարորդների խոսքով, ԱՊՊԱ ընկերությունների անկախ կոչվող գործակալները որոշում կայացնելիս առաջնորդվում են սեփական քմահաճույքներով, ինչին նպաստում են բազմաթիվ խաչմերուկներում ճանապարհային նշանների բացակայությունը:
«6 ամիս առաջ Նոր Արեշ 8-րդ փողոց-Այվազովսկի խաչմերուկում դեպք է տեղի ունեցել` երկրորդական փողոցից դուրս եկող մեքենան չի զիջել եւ բախվել է կենտրոնական փողոցով անցնող մեքենային: 6 ամիս է` ԱՊՊԱ-ն ձգձգում էր որոշում կայացնելու պրոցեսը, վերջում էլ որոշեց, որ գլխավոր փողոցով երթեւեկող մեքենան է սխալ: Ո՞նց կարելի է գլխավոր եւ երկրորդական փողոցները հավասարեցնել իրար, անզեն աչքով էլ երեւում է ախր»,- նշեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, լուրջ խնդիր է նաեւ այն, որ օրենքներից վատ տեղեկացված վարորդներին ԱՊՊԱ ընկերությունները խուսափում են իրավաբանական խորհրդատվություն տրամադրել եւ նրանց անտեղյակությունն օգտագործելով` լրացուցիչ գումարներ շորթում:
«Գլխավոր փողոցով երթեւեկողն էլ որ ասում է` դե լավ, եթե ես մեղավոր եմ, ապա ԿԱՍԿՈ համակարգով տրամադրեք ինձ փոխհատուցումը: Նրան ասում են` դու ԿԱՍԿՈ-ի դիմում չես գրել, ԱՊՊԱ-ի դիմում ես գրել: Այսինքն, էդ մարդը տարեկան 150.000-200.000 դրամ գումար է վճարել, նրան ասում են` դու 3 օրվա մեջ ԿԱՍԿՈ-ի դիմում չես գրե՞լ»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ավտովարորդների դժգոհությունը նաեւ վթարներից հետո մի քանի ամիս ձգձգվող քաշքշուկների դեմ է, ինչի հետեւանքով մեքենաները տեւական ժամանակ տուգանային հրապարակում են պահվում` վարորդներին զրկելով աշխատելու հնարավորությունից:
«Մարդը չի կարող մի քանի ամիս չվարել մեքենան: Ստիպված, էդ քաշքշուկներից խուսափելու համար վարորդները համաձայնում են ԱՊՊԱ ընկերությունների տրամադրած չնչին գումարին, միայն թե ազատվեն դրանցից»,- նշեց Տիգրան Հովհաննիսյանը:
Ըստ ավտովարորդները, միակ լուծումը համակարգային փոփոխություններ անելն ու փոխհատուցման ժամկետների կրճատումն է:
«Թող գումարներ տրամադրեն տուգանային հրապարակներ կառուցեն, գործակալներն այնտեղ նստեն, որպեսզի արագ մեղավոր-անմեղին պարզեն, փոխհատուցեն, ոչ թե մարդը օրերով տանը նստի, սպասի թե ով է զանգելու»,- ասաց ավտովարորդներից մեկը:
Նրանք մարտի 3-ին կհավաքվեն Կառավարության շենքի դիմաց`պահանջելով հանդիպում վարչապետի հետ:
«Ոչ մի նախարարի հետ մենք չենք ուզում ժամանակ կորցնել, ոչ տրանսպորտի, ոչ Կենտրոնական բանկի նախագահի, ոչ Ճանապարհային ոստիկանության ղեկավարի հետ: Ընկել ենք դռնեդուռ, մենք հո ամեն օր ցույց չե՞նք անելու»,- նշեց Տիգրան Հովհաննիսյանը:












