ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, թե իրենցից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել, անլուրջ է եւ անհիմն: Այսօր` փետրվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Դա ազնիվ չէ այն քաղբանտարկյալների նկատմամբ, որոնք տարիներ շարունակ բանտարկված են եղել: «Մարտի 1»-ից հետո 145 քաղբանտարկյալ ենք ունեցել, որոնք այսօր շարունակում են պայքարել միջազգային ատյաններում: Քաղբանտարկյալներ այսօր էլ կան, իրենց նկատմամբ էլ ազնիվ չէ»,- ասաց Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ Հայաստանում այսօր քաղբանտարկյալներ չկան, վերջինն իրենց կուսակցության անդամներն են եղել, որոնք բանտարկվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին: