Ամերիկացի գործարար Դոնալդ Թրամփը եւ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը իրենց կուսակցություններից առաջադրված՝ ԱՄՆ նախագահի ամենահավանական թեկնածուներն են։

Երեքշաբթի ԱՄՆ 12 նահանգներում նախնական կուսակցական ընտրություններ են կայացել։  Դեմոկրատների շրջանում 7 նահանգներում հաղթանակ է տարել Քլինթոնը, իսկ հանրապետականների շրջանում՝ Թրամփը։

AP գործակալության տեղեկություններով՝ Քլինթոնը ստացել է կուսակցական համագումարի 865 պատվիրակներից 441-ի ձայները։

Քլինթոնի օգտին պատրաստ են քվեարկել նաեւ հարյուրավոր այլ կուսակցական գործիչներ, որոնք կախված չեն ընտրողներից։ Այդ ձայներն էլ հաշված՝ Քլինթոնը 989 ձայն է ստացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հանրապետական Թրամփը, CNN-ի տվյալներով, ստացել է 148 ձայն պատվիրակներից։ Ընդհանուր առմամբ նրան պաշտպանում է 230 պատվիրակ։

Հանրապետական կուսակցությունից առաջադրվելու համար թեկնածուները պետք է ստանան 2472 պատվիրակներից 1237-ի ձայները։ Դեմոկրատների թեկնածուն պետք է ստանա 4764 պատվիրակներից 2383-ի ձայները։