Սմբատ Զորավար 11 հասցեում՝ «Երեւան Մոլի» դիմաց, այսօր` մարտի 2-ին, հավաքվել էին 2 խումբ տաքսիստներ: Նրանց մի մասը, կողմ լինելով տաքսիների լիցենզավորմանը, պայքարում էր չլիցենզավորված տաքսիների գործունեության դեմ, մյուս մասը դժգոհում էր լիցենզավորման ընթացակարգից եւ վճարից առհասարակ:

Տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի եւ տաքսիստների այսօրվա չկայացած հանդիպման կազմակերպիչ, «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գեւորգ Դոստուրյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն դիմել են շուրջ 300 լիցենզավորված տաքսիստներ, որպեսզի Տրանսպորտի եւ կապի նախարարությունը ստուգայցեր սահմանի, հայտնաբերի առանց լիցենզիայի աշխատող տաքսիստներին եւ զրկի նրանց վարորդական իրավունքից:

«Այսօր Երեւանում շուրջ 8000 լիցենզավորված տաքսի կա, դրանից կրկնակի շատ` չլիցենզավորված: Դրանց պատճառով լիցենզավորվածները չեն կարողանում գումար աշխատել: Թող հայտնաբերեն ու բոլորին բերեն օրինական դաշտ»,- ասաց նա:

Տաքսիստների մյուս խումբը, որ դժգոհ էր լիցենզավորման կարգից եւ պատրաստվում էր վաղը` մարտի 3-ին, Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անել ու վարչապետին ներկայացնել ոլորտում առկա խնդիրները, կարծում էր, որ այսօրվա հանդիպումը կազմակերպվել է Տրանսպորտի նախարարության կողմից` իրենց ծրագրերը խափանելու համար:

«Մենք դեռ 6 ամիս առաջ ենք առաջարկություններ ներկայացրել ՀՀ նախագահին, որ լիցենզավորման կարգը հեշտացվի, գինն էժանացվի, տաքսիների համար նորմալ տեղերում կայանատեղեր սահմանեն... Մենք պատրաստվում էինք վաղը գնալ Կառավարություն եւ վարչապետին ներկայացնել էդ ամենը, իսկ այսօրվա հավաքը կազմակերպել է վերեւներից նշանակված մեկը, որ ցույց տան` թե իբր տաքսիստները գոհ են ամեն ինչից»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Անհատ վարորդների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Մխիթար Օհանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն այսօր՝ մարտի 2-ին, այդպես էլ չեկավ հանդիպման տաքսիստների հետ, որոնք իրենց դժգոհությունն էին հայտնում չլիցենզավորված վարորդների դեմ:

Երեւանի այսօր մեծ թվով վարորդներ էին հավաքվել, որոնք լիցենզավորման կարգ ունեն եւ կարծում են, որ նախարարությունը պետք է արգելի արտոնագիր չունեցող վարորդներին տաքսի վարել: