Ադրբեջանի հետախուզական ծառայություններին հավաքագրվելու մեջ մեղադրվող Կարինե Ղումաշյանը փորձել է Պաշտպանության բանակի մասին տեղեկություններ ստանալ իր որդուց, որը Արցախի զորամասերից մեկի հրձագային զորամասի լեյտենանտ է: Այս մասին նշվում է այսօր` մարտի 2-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակված ամբաստանյալի որդու` Տիգրան Կարապետյանի նախաքննական ցուցմունքում:

«Մայրս Թուրքիա էր մեկնել, ասում էր` աշխատում է կոշիկի ֆաբրիկայում: Սկզբում համացանցով միայն կենցաղային հարցերի շուրջ էինք զրուցում: Հետո հարցրեց` իմ զորամասի գտնվելու վայրը` ուչեբկա է, թե տանկային,  ես պատասխանեցի, որ Խոջալուում է, հրաձգային վաշտ է»,-իր նախաքննական ցուցմունքում պատմել է Տիգրան Կարապետյանը:

Վկայի խոսքով` մայրը ավելի ուշ տեղեկացրել է, որ իր հետ լուրջ խոսակցություն ունի, հեռախոսով խոսելու թեմա չէ, մի քանի օրից կգա Հայաստան եւ կայցելի որդու զորամաս:

«Մայրս Կարինե անունով մի վանաձորցի կնոջ հետ եկավ մեր զորամաս: Ասաց, որ Թուրքիայում ֆրանսիացի մի մեծահարուստ բարերար կա, որը ցանկանում է օգնել Հայաստանին, ավելի ճիշտ բանակին, բայց ուզում է վստահ լինել, որ իր գումարները նպատակին կծառայեն, այդ պատճառով էլ բանակի մասին տեղեկություններ են պետք, օրինակ` ինչով են սնվում զինվորները եւ այդ տեսակի տեղեկություններ: Ինձ հեռախոս էր բերել, ու դրանով ցույց տվեց իմ անունից իր ու այդ Արմանի նամակագրությունը, որտեղ Արման ասում էր, թե ուզում է օգնել Հայաստանին: Ավելի ուշ հասկացա, որ հայ չէ, ադրբեջանցի է, ուզում է մեր բանակի մասին տեղեկություններ ստանա, հայհոյեցի ու հաշիվս ջնջեցի, մորս էլ նախազգուշացրի»,-պատմել է վկան:

Տիգրան Կարապետյանը հայտնել է, որ իր եւ մոր հարաբերությունները այդուհանդերձ վատացել են, քանի որ մայրը Թուրքիայից եկել էր Հայաստան հորից ամուսնալուծվելու եւ կրտսեր եղբորը իր հետ տանելու նպատակով:

Կարինե Ղումաշյանի մյուս որդին` Դավիթ Կարապետյանը, որը մոր հետ Թուրքիայում որոշ ժամանակ բնակվել եւ աշխատել է կրկին կոշիկի ֆաբրիկայում եւ ոսկերչություն է սովորել, իր նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ իրենց հետ նույն շենքում բնակվել է նաեւ Վանաձորի բնակիչ Ռաֆիկ Պապոյանը, որը եւս այս գործով որպես մեղադրյալ է:

Վկայի խոսքով` հենց Ռաֆիկ Պապոյանն է իր մորը հայտնել, որ Թուրքիայում մի բարերար կա, որը մտահոգված է Հայաստանի ապագայով, ցանկանում է օգնել մեր երկրին, մասնավորապես` բանակին:

«Մայրս էլ հայտնել էր, որ եղբայրս բանակում սպա է, բարերարն էլ խոստացել էր մեզ օգնել, միայն եթե եղբայրս տեղեկություններ հայտնի բանակի մասին: Գնացինք տեսնելու, ներկայացավ որպես Արման, ես մի-տասնհինգ րոպե մնացի եկա, մայրս ավելի ուշ եկավ, ասաց` դուրս եկավ, սրտացավ էր երեւում: Հետո մայրս սկսեց հետը հաճախակի հանդիպել, գնում էին, ծովափին զբոսնում, ամեն հանդիպման վերջում էլ երկու հարյուր դոլար փող էր տալիս»,- պատմել է ամբաստանյալի որդին:

Դավիթ Կարապետյանը նշեց, որ մայրը վերադարձել է Հայաստան Տիգրանի հետ Արմանին բանակի մասին տեղեկություններ հաղորդելու վերաբերյալ համաձայնության գալու եւ հորից ամուսնալուծվելու նպատակով:

«Հետո իմացա, որ Տիգրանը պարզել է, որ էդ Արմանը շպյոն ա, կապը կտրել է: Ինձ ասաց` կմնաս Թուրքիայում, ես կվերադառնամ, ինքը եկավ Հայաստան, ես որոշ ժամանակ մնացի, Արմանն էլ համոզում էր, թե չգնամ, այստեղ աշխատանք կգտնի, բայց ես արդեն որոշում էի կայացրել ու վերադարձա»,-ասել է վկան:

Նշենք, որ Կարապետյանն եղբայրները այսօր դատարանում հրաժարվեցին ցուցմունք տալ եւ պատասխանել իրենց ուղղված հարցերին, նույնիսկ պնդեցին, թե նախաքննության ընթացքում քննիչները իրենց չեն հայտնել, որ իրենց մերձավոր ազգականի, այս դեպքում`մոր, քրեական գործով ցուցմունք չտալու իրավունք ունեն, այնինչ արձանագրություններում նշված եւ ստորագրված էր, որ իրենց կամքով են ցուցմունք տալիս:

Երիտասարդները այնքան կաշկանդված էին մոր գործով ցուցմունք տալու մտքից, որ դատարանը նախապես հայտնեց` դահլիճում հավաքված լրագրողները վկաներին տեսանկարահանելու իրավունք չունեն, իսկ նրանց հայրը՝ Աշոտ Կարապետյանը պարբերաբար կռվի մեջ էր մտնում իր որդիներին չտեսանկարահանող օպերատորների հետ:

Վկաների հարցաքննությունից հետո նախատեսվում էր ապցույցների ուսումնասիրություն, սակայն պաշտպան Դավիթ Մնացականյանի միջնորդությամբ նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա մարտի 18-ին:

Նշենք, որ Կարինե Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը եւ 2013թ. հավաքագրվել այդ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Արման անունով ներկայացած անձնավորության կողմից: Ստանալով վարձատրություն` ընդհանուր մոտ 1500 ԱՄՆ դոլար գումարի չափով, ստացել է առաջադրանք` կիրառելով գաղտնապահության կանոնների պահպանման մեթոդները` Հայաստանի տարածքից չզանգահարել Արման անունով ներկայացած անձին եւ այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել:Նույն գործով մեղադրվում են եւս երեք հոգի`Ռազմիկ եւ Սերգեյ Պապոյանները, եւ Կարինե Ղումաշյանի ազգական Դիանա Գորոյանը: