Երեւանի Կոնդ թաղամասի նախկին բնակիչները՝ այսօր մարտի 3-ին, հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որը վերջիններին խոստացել է հանձնարարել համապատասխան մարմիններին հետեւողական լինել նրանց բնակարաններ հատկացնելու հարցում:
NEWS.am-ի հետ զրույցում Կոնդի նախկին բնակիչները, սակայն հայտնեցին, որ նախագահի խոստմանն այնքան էլ չեն հավատում:
«Արդեն 16-րդ անգամ ենք դիմում նախագահին, եւ ասում է, որ լուծում կտա հարցին, սակայն այդպես էլ խոստացված բնակարանները չեն տալիս»,-ասաց Կարեն Սաֆարյանը:
Կոնդի նախկին բնակիչները, որոնց տները 8 տարի առաջ քանդել եւ խոստացել էին 2 տարվա ընթացքում նորակառույց շենքում բնակարաններ հատկացնել, այսօր կրկին Կառավարության շենքի դիմաց էին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանին իրենց խնդրի մասին հիշեցնելու:
Նրանց խոսքով՝ 200 ընտանիք այժմ վարձով է ապրում Երեւանի տարբեր թաղամասերում:
«Մի-երկու անգամ, որ նախարարները իրանց դիվանները բարձրացնեն, իջացնեն մի քանի անգամ, էն ժամանակ նոր մեզ կհասկանան: Ասել էին 2 տարում բնակարանները կհատկացնեն, բայց հիմա շինարարությունն է կանգնած, ասում են՝ փող չկա»,- նշեց բնակիչներից Վարդան Կարախանյանը:
Կոնդի բնակիչները նշեցին, եթե նախագահի խոստացված երկու օրվա ընթացքում հարցին որեւէ լուծում չտրվի, իրենք դիմելու են ծայրահեղ քայլերի՝ հացադուլի եւ ջրադուլի:





























