Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանը վստահեցնում է, որ անցած մեկ տարում իրեն 190 մհազար դոլար է նվիրել հարազատ եղբայրը:

«Եղբայրս է նվիրել, նա բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, հայտարարագրում էլ է դա նշված»,- այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Հովսեփյանը:

Նշենք, որ ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի՝ Հովհաննես Հովսեփյանը 1 տարվա ընթացքում վաստակել է 18 մլն 768 հազար դրամ, որոնք հիմնականում գոյացել են աշխատանքի վարձատրությունից` 9 մլն դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարից կրկին նույնքան գումար: Մյուս գումարներն էլ գոյացել են նվիրատվությունից եւ գույքը օտարելուց ստացված եկամուտից: Հովսեփյանը պաշտոնապես տեղեկացրել է, որ 90 եւ 100 հազար դոլարանոց նվեր է ստացել:

Հիշեցնենք, որ Հովսեփյանը ՊԵԿ ղեկավար է նշանակվել մարտի 3-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը: