Ուզբեկստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Մոսկվայում 4-ամյա երեխայի սպանության մեջ մեղադրվող Գյուլչեխրա Բոբոկուլավայի հետ կապ ունեցող մի շարք անձանց եւ ստուգում են ահաբեկչական խմբավորումների հետ նրանց հնարավոր կապը։ Այս մասին հայտնում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Բոբոկուլովայի հոր տանը տեսախցիկներ են տեղադրել, որոնք ֆիքսել են, թե ինչպես են նրան այցելում սեւ հիջաբ հագած 3 կին։

Շենքից դուրս գալուց հետո կանանց ձերբակալել են եւ տարել հարցաքննության։ Ձերբակալվել է նաեւ Բոբոկուլովայի հարեւանուհին։ Բացի այդ քննչական մեկուսարան է ուղարկվել նրա քաղաքացիական ամուսինը՝ Սուհրոբ Մումինովը։

«Գյուլչեխրայի հորն այցելած կանանց հավանաբար շուտով կազատեն։ Ամեն ինչից դատելով՝ նրանք Բոբոկուլովայի հետ չեն շփվել։ Իսկ Սուհրոբին եւ հարեւանուհուն շատ հարցեր կան տալու։ Կասկածներ կան, որ նրանք կապ ունեն ահաբեկչական խմբավորումների հետ եւ կարող էին կապ ունենալ Գյուլչեխրային սպանության հրահրելու հետ»,- ասել է աղբյուրը։ Բոբոկուլովայի որդուն մի քանի հարց տալուց հետո բաց են թողել։