Ռուսական կողմն ի վիճակի չէ ապահովել Ավետիսյանների սպանության գործով որպես վկա ներգրավված՝ ռուսական ռազմաբազայի 7 նախկին աշխատակիցների ներկայությունը դատարանում: Ռազամաբազայի կողմից ուղարկված համապատասխան գրության մեջ, որն այսօր՝ մարտի 11-ին, դատարանում ընթերցեց գործով դատավոր Հարություն Մովսիսյանը, ասվում է, որ նրանք այլեւս ռազմաբազայի նախկին աշխատակիցներ են, գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, եւ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն տրամադրել իրենք չեն կարող:
Նշենք, որ Ավետիսյանների շահերը ներկայացնող փաստաբանները պահանջում էին ապահովել այդ վկաների ներկայությունը, որոնց թվում էր նաեւ Վալերի Պերմյակովի անմիջական հրամանատարը՝ նշելով, որ դա կարեւոր է գործի համար:
Մեղադրող դատախազը դատարանին միջնորդեց փոխել ապացույցների հետազոտման կարգը և անցնել գործում եղած փաստաթղթերի հրապարակմանը: Միջնորդությունը բավարարվեց:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:
Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:
Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին:
Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանություն, ավազակություն եւ Հայաստանի պետական սահմանը հատելու փորձ: