Արցախում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում նռնակի պայթյունից մահացու վիրավորում ստացած 19-ամյա Սարգիս Օհանյանը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից էր, տան կրտսեր զավակը:

«Սարգիսը բանակ էր զորակոչվել 8 ամիս առաջ, ծառայությունից գոհ էր: Վերջին անգամ մարտի 8-ին էր զանգել, մամայի տոնն էր շնորհավորում»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Սարգիսի եղբայրը՝ Գոռ Օհանյանը:

Սարգիսը 3 եղբայր ունի, որոնցից ավագն իրենից ավելի քան 20 տարով մեծ է:

«Մի եղբայրը Ռուսաստանի Դաշնությունում է, մյուս երկուսը՝ Չարենցավանում: Տան փոքրն էր, շատ էին սիրում Սարգիսին: Դժվարությամբ են ծնողները մեծացրել նրան, դժվար պայմաններում է ապրել, հիմա էլ... ընդամենը 19 տարեկան էր, պիտի սկսեր ապրել արդեն»,- մեզ հետ զրույցում ասացին զոհված զինծառայողի հարազատները:

Նշենք, որ Սարգիսի հայրը հաշմանդամության 1-ին կարգ ունի: Օհանյան ամուսիններին որդու զոհվելու մասին դեռ ոչինչ չեն ասել:

Սարգիս Օհանյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 13-ին Չարենցավանի եկեղեցում:

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. մարտի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Սարգիս Դավիթի Օհանյանը: