News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Անին Հայկական թագավորության միջնադարյան մայրաքաղաքն էր՝ Մետաքսի ճանապարհի հյուսիսային «թեւքերին»: Դա 100 հազար բնակիչ ունեցող խոշոր քաղաք էր՝ հայտնի որպես հազար ու մի եկեղեցիների քաղաք:  Հիմա Անիի լքյալ մայր տաճարն ու եկեղեցիները կորում են կիզիչ արեւից թոշնած խոտի մեջ, գրում է ճանապարհորդ Փոլ Սալոփեքը National Geographic-ում լույս տեսած հոդվածում:

«Հայերի մասին այստեղ անգամ չեն հիշում»,- ասում է ուղեկիցս՝ քուրդ Մուրադ Յազարը:

Այդպես էլ  կա: Թուրքիայի կառավարության տեղադրած վահանակների վրա ոչ մի բառ չկա այն մասին, թե ով է կառուցել Անին: Ծիծեռնակաբերդի բլուրը հիշատակի կոչ է, իսկ Անին դարձել է մոռացության հուշարձան:

Թուրքիայի իշխանությունները մինչեւ հիմա հերքում են «այսպես կոչված ցեղասպանությունը»: Պաշտոնական տեսակետի դեմ դուրս գալը մինչեւ հիմա անվտանգ չէ: Թեպետ հալածանքները դադարել են, սակայն իշխանությունները «ցեղասպանություն» բառը ազգին հասցրած վիրավորանք եւ սադրանք են համարում:

Դիարբեքիրում ես հարցազրույց եմ վարում հայկական եկեղեցում, որը վերաբացվել է որպես հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված փոքր քայլ: Ինձ է մոտենում մի մարդ: «Դուք ճանաչու՞մ եք ցեղասպանությունը»,- հարցնում է նա՝ նայելով աչքերիս մեջ:

Ես զարմանում եմ եւ պատասխանում, որ ընդամենը աշխատում եմ:

«Ինձ համար միեւնույնն է: Դուք ճանաչու՞մ եք ցեղասպանությունը»,- մի քանի անգամ նա այդպես կրկնում է հարցը:

«Երբեք դա մի՛ մոռացեք»: Սակայն մենք, իհարկե, ի վերջո մոռանում ենք:

Խոսրով Ֆրանգյանն ապրում է Երեւանից ոչ հեռու գտնվող տներից մեկում: Նրա տանը ցուրտ չէ, սակայն նա փաթաթված է ծածկոցի մեջ: Գլխին գործած գլխարկ է, ձեռքերին՝ բրդե ձեռնոցներ:  Նա 105 տարեկան է: Ֆրանգյանը հայոց ջարդերի վերջին վկաներից է: Այս ծերունիներին, որոնց թիվն այդքան քիչ է հիմա, հարգում են որպես ազգային հերոսների, որովհետեւ նրանք 1915թ. հանցագործությունների կենդանի օղակներից մեկն են: Նրանք ժխտման կենդանի պատասխանն են:

«Ես 5 տարեկան էի, երբ թուրքերն եկան: Նրանք մեզ խրկեցին լեռը»:

Ֆրանգյանը եղել է Մուսա լեռան վրա, որտեղ հայերը 40 օր դիմանալուց հետո հրաշքով փրկվում են ֆրանսիական նավով:

«Այգիները: Պապս թզենիներ ունեն, ամեն ծառը 5 մետր էր: Հիմա այդ պտուղների համն եմ ուզում փորձել: Ու պապիս աճեցրած բանանների»:

Ֆրանգյանիւ դուստրը գլուխն է օրորում: «Ներողություն, նա շփոթել է»,- ասում է նա:

Բայց Ֆրանգյանը չի շփոթել: Ես եղել եմ նրա հայրենիքում՝ Հաթայի նահանգում: Ես տեսել եմ նարնջի եւ կիտրոնի բերքից կքած այգիները:

Ես քայլում եմ առանց տանիքի լքյալ հայկական տներից մեկի կողքով, մեռած այգիների եւ մզկիթի վերածված եկեղեցիների կողքով: Նստում եմ ընկուզենու ստվերում, որը 100 տարի առաջ մահվան երթերում կործանվածների ժառանգն է:

«Մենք կռվում էինք հայերի դեմ, շատերը մահացան,- պատմում է Սալեհ Էմրեն՝ Թաշքալե գյուղի սպիտակամազ ավագը,- եւ շշուկով ավելացնում,- երեւի թե այդպես չէր կարելի: Դա նրանց տունն էր»:

Էմրեի ընտանիքը կոպեկներով գնել է այս տունը հայերից, պատմում է նա՝ ինքը եւ տալիս այն քաղաքների անունները, որտեղ հայեր են ապրել՝ Վան, Փաթնոս, Աղրի:  Հիմա այնտեղ հատուկենտ հայեր են մնացել կամ առհասարակ չեն մնացել:

Ես Երեւան եմ գալիս ապրիլի 24-ին՝ ցեղասպանության 100-ամյակին: Քաղաքը պաստառների մեջ կորած է:

«Հիշում եմ եւ պահանջում»:;

Բայց ի՞նչ եմ պահանջում:

Գյումրիի եպիսկոպոկս Միքայել Աջպանյան. «Հայաստանում թուրքերին չեն ատում: Մենք հասարակ թուքերի դեմ ոչինչ չ ունենք: Սակայն Թուրքիան պետք է ամեն բան անի, որպեսզի վերքերը բուժվեն»:

Բայց ամենազարմանալի պատմությունը, որը ես այստեղ լսեցի, ինձ մի երիտասարդ հայ պատմեց:

«Ես շատ փոքր էի, երեւի 1 տարեկան: Հիվանդանոցում մահանում էի: Ասում են՝ փոքաբորբ էր մոտս: Բժիշկները ոչինչ չէին կարող անել: Մայրական բաժանմունքում մի թուրք կին (հավանաբար ադրբեջանուհի, ծնթ. Խմբ.) տեսել էր, որ մայրս լացում է: Նա խնդրել էր ինձ պահել, բռնել էր ոտքերիցս եւ թեքել դեպի իրեն: Ասես թե ինքն էր ինձ ծննդաբերում նորից: Նա 7 անգամ այդպես արեց եւ աղոթք կարդաց»:

Ե՞վ:

«Լավացա,- ասում է նա:- Այդ թուրք կինը կյանքս փրկեց»:

Այդ պատմությունը զինվոր Արա Քեմալյանն ինձ պատմել է սահմանամերձ խրամատներում՝ փոշոտ դեղին երկնքի տակ: Հայերը մինչեւ հիմա ադրբեջանցիներին թշնամու անունով են կոչում՝ թուրք: Այդպես է Քեմալյանն անվանում մանկաբարձ ադրբեջանուհուն:

«Ես միշտ տանս խոհանոցում կրակ եմ վառ պահում»,- ասում է Վահանդուխտ Վարդանյանը: Նրա տունը հենց սահմանին է եւ նայում է ուղիղ Անիին: «Այդպես ես թուրքերին ուզում եմ ցույց տալ, որ մենք դեռ ողջ ենք»:

Հայաստանի սահմանամերձ Բագարան գյուղի բնակիչները Թուրքիայի հետ սահմանին հսկայական խաչ են դրել, որը երեկոյան էլեկտրական լույսով է վառվում: Այն նայում է թուրքական կողմին, իսկ գյուղացիները երգեր են երգում կյանքի եւ հիշատակի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ