News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անցյալի մոռացված հանցագործությունները կարող են կենդանանալ ներկայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ծագումով հրեա լեհաստանցի լրագրող Կոնստանտին Հեբերթը՝ հայտնի որպես Դավիթ Վարշավսկի, ով պարբերաբար հոդվածներ է հրապարակում ժամանակակից Թուրքիայում տիրող վիճակի  մասին:

Վարշավսկին Թուրքիայում եղել է դեռ մանուկ ժամանակ, թուրքերի եւ թուրքահայերի շրջանում լավ ծանոթներ ունի եւ ընդհանուր առմամբ Թուրքիայի մասին նա ջերմ հիշողություններ է պահպանել:

Ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայոց ջարդերը 20-րդ դարի առաջին ցեղասպանություներից էին: Թուրքիայի կառավարությունը մինչեւ հիմա չի ուզում ընդունել դա, ինչը խորապես վիրավորում է զոհերի հիշատակն ու վնասում հենց թուրք ժողովրդի շահերը: Պատմական կեղծիքի պաշտպանությունը համարում են ազգի եւ պետության պատվի պահպանում, բայց իրականում ամեն բան հակառակն է: 1915թ. թուրքերի հանցագործությունից այսօրվա թուքերի խիղճը չի տանջում: Սակայն պաշտպանելով այդ հանցագործությունները՝ նրանք կորցնում են հարգանքը կողքից եւ նպաստում ազգային հիստերիային, իսկ դա խանգարում է լուծել թուրք հասարակության այլ խնդիրները՝ սկսած քրդական հարցից, կարծում է լրագրողը:

«Սակայն Հայոց ցեղասպանության հիշատակը միայն հայ-թուրքական խնդիրը չէ: Դա ողջ մարդկության հարցն է, քանի որ հասկանալը, թե ինչպես կարող է հասարակությունը հասնել ցեղասպանության եւ ինչ հետեւանքներ դա կունենա, կօգնի կանխել նոր հանցագործությունները: Հայոց ցեղասպանության նկատմամբ հասարակության անուշադրությունը արձակեց հիտլերյան Գերմանիայի ձեռքերը, որի իրականացրած հրեաների ցեղասպանությանը զոհ է գնացել իմ ընտանիքի մեծ մասը: Այդ պատճառով ես ցավ եւ զայրույթ եմ ապրում, որ Շոայի մոխրի վրա հառնած Իսրայելը մինչեւ հիմա հրաժարվում է հայերի կոտորածները ցեղասպանություն համարել:

Թուրքիայի իշխանությունների որոշ դրդապատճառներ ես հասկանում եմ: Նրանք չեն ուզում, որ Օսմանյան կայսրությունը  համեմատեն Երրորդ Ռեյխի հետ: Հասկանում եմ նաեւ Իսրայելի իշխանությունների որոշ դրդապատճառները: Նրանք դեռ հույս ունեն լավ հարաբերություններ ունենալ ուժեղ մերձավորարեւելյան հարեւանի հետ: Հասկանում եմ եւ այն, թե ինչ է մտածում միջազգային հանրությունը. որքան  կարելի է զբաղվել սպանվածների պատմությամբ, լինեն դրանք հերերոներ, հայեր, հրեաներ, գնչուներ, թութսիներ կամ այլ կոտորված եւ հալածված ժողովուրդ: Բարի կամքի մարդիկ մտածում են՝ մենք չենք կարող այլեւս զբաղվել անցյալով:

Սակայն եթե մենք դադարենք, ապա ուրիշի անցյալը կարող է դառնալ մեր ներկան: Զոհերի հիշատակը պահելը բխում է ոչ միայն հիմնարար բարոյական պարտքից, թեպետ դա էլ բավական է, այլ նաեւ լավ գիտակցված սեփական շահից: Մոռանալով հանցագործության  մասին՝ մենք նրա առջեւ բացում ենք դռները»,- ընդգծել է Դավիթ Վարշավսկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ