Իրանը կարող է ավելացնել նավթի արդյունահանումը՝ շուկայի կայունացմանն ուղղված խոշորագույն արտադրողների պայմանավորվածության շրջանակում: Թեհրանում Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով իրանական Shana գործակալությունը, փոխանցում են, որ ռուսաստանցի նախարարին չի հաջողվել իրանցի գործընկերոջը համոզել միանալ նավթի արդյունահանումը սառեցնելու մասին համաձայնությանը:

«Խոշորագույն նավթ արդյունահանողները պետք է համակարգեն իրենց գործողությունները: Բայց քանի որ Իրանը նավթի արդյունահանումը սառեցրել է պատժամիջոցների ժամանակ, մենք լիովին հասկանում ենք արդյունահանումն ավելացնելու եւ համաշխարհային շուկայում իր մասնաբաժինը վերականգնելու՝ Իրանի ցանկությունը»,- ասել է Ալեքսանդր Նովակը: