Վաշինգտոնն առայժմ դժվարանում է միանշանակ պատասխանել հարցին, թե Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում ինչ նշանակություն կունենա այդ երկրից ռուսական օդատիեզերական ուժերի դուրսբերումը:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Էռնեսը հայտարարել է, որ առայժմ չի տեսել Սիրիայից ռուսական հիմնական ուժերի դուրսբերման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման մասին հաղորդագրությունը:

Ամենօրյա ճեպազրույցի ժամանակ Էռնեստը նշել է, որ «իր համար դժվար է գնահատել, թե այդ որոշումն ինչ ազդեցություն կունենա բանակցությունների վրա եւ ինչպես դա կփոխի ընթացիկ դինամիկան»: «Հարկավոր է տեսնել, թե որն է Ռուսաստանի մտադրությունը»,- ասել է նա:

Էռնեստը, միաժամանակ, ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մշտապես կապի մեջ է ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը հանձնարարել էր մարտի 15-ից սկսել Սիրիայից դուրս բերել ռուսական հիմնական ուժերը: