Տավուշի մարզում մարտի 14-ին հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած 19-ամյա զինծառայող Կամո Մարտիրոսյանը սոցիալապես անապահով ընտանիքում ապրող ընտանիքի 5 զավակներից մեկն էր:
«Հայրը ինսուլտ տարած մարդ է, չի աշխատում, մայրը հավաքարարություն է անում մի ատամնաբուժարանում: Գումարած՝ առողջական խնդիրներ ունի, սիրտը լավ չի: Եղբայրները թե մի տեղ բանվորի գործ ա լինում, գնում անում են, քույրն էլ համր է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրանց հարեւաններից մեկը:
Մարտիրոսյանների ընտանիքը 15 տարի առաջ Էջմիածնի մոտ գտնվող Զվարթնոց գյուղ է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղից: Զվարթնոցում ընտանիքը սեփական տուն չունի:
Ընտանիքին օգնելու համար էլ Կամոն նախքան զորակոչվելը աշխատել է:
Կամո Մարտիրոսյանը մահացել է մարտի 14-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում: Նա մահացել է մարտական դիրքում, կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումից:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով /ինքնասպանության հասցնելը/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
.jpg)
.jpg)












