News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՖԱՖ անդամները կարծում են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ ամեն ինչ անում է, որպեսզի պառակտի իրենց: Այս մասին այսօր` մարտի  16-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՖԱՖ անդամ Էդգար Պետրոսյանը` նշելով, որ դա է վկայում այն, որ ՖԱՖ անդամներին մարտի 25-ին կայանալիք Հայաստան-Բելառուս խաղի համար միասնական տոմսեր չեն վաճառում:

ՖԱՖ անդամներն այսօր եկել էին «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղ, որպեսզի իրենց անդամների համար տոմսեր գնեն, սակայն նրանք մարզադաշտի հյուսիսային տրիբունայում կարողացան գնել ընդամենը 70 տոմս, քանի որ այդ եւ մյուս բոլոր տրիբունաներում, ըստ ՖԱՖ-ի անդամների,  տեղերն արդեն ամրագրված էին եւ տոմսեր չկային:

«Նախկինում երբեք ամրագրված տերմինը չի եղել, նոր են հնարել այդ տերմինը, որպեսզի ամեն ինչ անեն, որ չկարողանանք ՖԱՖ-ի անդամներով միասնական նստել մեկ տրիբունայում: Մեզ ասացին, որ հարավային տրիբունայում, որտեղ մենք միշտ նստել ենք, ընդհանրապես տեղ չկա: Այդ պատճառով էլ հյուսիսիային տրիբունայից տոմսեր վերցրինք: Այսօր կարողացել ենք գնել 70 տոմս, ընդհանուր մոտ 150 տոմս ունենք, հուսով ենք, որ մինչ խաղը կկարողանանք տոմսերի քանակը հասցնել գոնե 200-ի: Խաղի օրը ՖԱՖ-ի անդամներով կփորձենք մոբիլիզացվել, քանի որ վստահ ենք, որ տրիբունաներում ազատ տեղեր կլինեն»,-  նշեց ՖԱՖ անդամ Էդգար Պետրոսյան:

ՖԱՖ անդամների խոսքով, մարտի 25-ին կայանալիք խաղը լինելու է Բերեզովսկու հրաժեշտի խաղը եւ հնարավոր է, որ այդ օրը Բերեզովսկուն նվիրված ինչ-որ ակցիա իրականացնեն:

«Քանի որ տոմսերը նոր-նոր ենք կարողանում ձեռք բերել, վստահ չենք կարող ասել` այդ օրը որեւէ ակցիա կանենք, թե չէ: Մենք միշտ պաստառներով աջակցել ենք Բերեզովսկուն, մեր շնորհակալությունն այդպես ենք հայտնել, այդ պատճառով էլ հնարավոր է, որ այդ օրն էլ որեւէ ակցիա կանենք»,- ասաց Էդգար Պետրոսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՖԱՖ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկրպագուական շարժմանը խոչընդոտում է ձեռք բերել Հայաստան - Բելառուս ընկերական խաղի տոմսեր:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ