News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է նյութեր հրապարակել 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությանը նվիրված «Վերապրածները» նախագծի շրջանակում:

 

«Վերապրածներն» իրենց մանկությունն ու հայրենիքը կորցրածսովորական մարդկանց պատմություններն են։

«Վերապրածները» 100 տարվա ցավն ու հիշողությունն է,փոխհատուցման 100 տարվա սպասումը։

«Վերապրածներն» այն մարդկանց օրեցօր նոսրացող խումբն է, որոնք չենկորցնում ճանաչման հույսը՝ իրենց ցավի ճանաչման հույսը:

«Վերապրածները» Եպրաքի Գեւորգյանն է:

Եպրաքսի Գեւորգյանի տուն մենք հասանք կեսօրին: Օրվա այդ ժամին, երբ արեւը ջերմացնում է հողը եւ քուն բերում բոլոր կենդանի արարածների աչքերին, երբ ամենաքիչն ես պատրաստ հյուր ընդունել:

- Նման մի արեւոտ օր էր, 1915թ.,- պատմում է Եպրաքսի տատը,- հացի խմորն արդեն հասնում էր, մենք էլ խառնվել էինք իրար՝ տաք բոքոնի մի կտոր պոկելու ակնկալիքով:

Հանկարծ, ինչպես պատմում է տատը, տուն են մտնում տագնապած հարեւանները. «Վանի վրա հարձակվել են: Թողե՛ք ամեն ինչ, շուտ փախե՛ք»:

- Խմորն այդպես էլ մնաց: Արագ ուտելիքը թոփ արեցինք եւ դուրս եկանք,- հոգոց է հանում Եպրաքսին եւ ձեռքը թափ տալիս՝ ասես ցրելով դառը հիշողությունները:

Եպրաքսին ծնվել է Կարսի մարզի Լալոի Մավրագ գյուղում՝ Էսթեր եւ Գրիգոր Բարսեղյանների ընտանիքում: Անձնագրում նրա ծննդյան ամսաթիվը՝ 1914թ. ապրիլի 21-ը, սխալ է նշված:

Տատը ծնվել է ավելի վաղ, սակայն տարեթիվը հստակ հայտնի չէ,- ասում է նա՝ նշելով, որ իրենից բացի, ընտանիքում կար 2 եղբայր՝ Հովհաննեսը եւ Եղիան:

- Ճանապարհին մենք բաժանվեցինք,- շարունակում է Եպրաքսին պատմությունը,- ես ու եղբայրներս Կյուրեղ հորեղբորս հետ առաջ ընկանք, ծնողներս հետ մնացին: Սկզբում մենք անընդհատ հետ էինք նայում, որ համոզվենք, որ նրանք գալիս են, բայց ինչ-որ պահի մենք նրանց կորցրեցինք տեսադաշտից եւ այլեւս երբեք չտեսանք: Մարդիկ ասում էին, որ նրանց սպանել են թուրքերը, որոնք գալիս էին հայերի հետեւից:  Մի օր էլ մեզ վրա հարձակվեցին:

Եպրաքսին, Հովհաննեսը եւ Եղիան փախչում են տարբեր ուղղություններով: Կյուրեղը ձեռքերին պահում էր ճանապարհից թուլացած որդուն՝ Ասպուրակին: Հարձակվող թուրքերից մեկը դանակով նրանց վրա էր հարձակվել: Սկզբում վիրավորել էր Կյուրեղին, հետո սկսել էր շեղբով ծակել երեխայի մարմինը: Համոզվելով, որ տղան մահացած է՝ թուրքերը գնացել էին:

- Նրանք մեզ չհետեւեցին: Երբ մենք վերադարձանք, հորեղբայրս կրծքին էր սեղմել Ասպուրակին: Նա ամբողջովին արյան մեջ էր: Մենք կանգնած էին կողքին եւ չգիտեիքն, թե ինչ անենք: Հանկած նա խելագարի պես վեր թռավ եւ սկսեց պարել: Պտտվեց, պտտվեց, պտտվեց, մինչեւ ընկավ: Աստված գիտի, թե ինչ էր կատարվում նրա հետ: Ես երբեք այդ օրը չեմ մոռանա: Թող թուրքի հերը շուն դառնա: 

Եպրաքսիի պատմելով՝ դեպի Արեւելյան Հայաստան ճանապարհին իրենք ստիպված էին անցնել վարար Արաքս գետը: Մի կերպ լաստ են սարքում, անցնում  մյուս ափը եւ շարժվում Եղվարդի ուղղությամբ:

- Մեզ օթեւան տվեցին տեղացիները: Հովհաննեսը մնաց Կոտայքի մարզի Խաչոյի գյուղում:

Որոշ ժամանակ անց շշուկներ տարածվեցին, որ հայերի հալածանքները դադարել են, եւ Կարս տանող ճանապարհը նորից բաց է եւ ապահով: Կյուրեղը եւ ողջ մնացած հարազատները որոշում են վերադառնալ տուն:

- Կինը, ում տանն ապրում էր Հովհաննեսը, հորեղբորս ասաց. «Եթե սաղ-սալամաթ հասաք տեղ, կգաք Հովհաննեսին կտանեք: Մինչ այդ թող մնա ինձ հարազատ երեխա»:

Սակայն նրանց վիճակված չէր հետ վերադառնալ: Լենինականում հայտնի դարձավ, որ ճանապարհը նորից փակ է, եւ Բարսեղյանները ստիպված էին քաղաքում մնալ ու սնունդ հայթայթել:

- Հորեղբայրս չէր կարող մեզ կերակրել: Ինձ ու Եղիային նա ամերիկացիների բացած որբանոցը տվեց: Հովհաննեսը մնաց Խաչոյի գյուղում:

Որբանոցում Եպրաքսին ծանոթանում է Հովհաննես Շիրազի հետ, որը տարիներ անց պետք է դառնար ամենահայտնի հայ բանաստեղծներից մեկը:

- Շիրազը մոր մասին շատ բանաստեղծություններ էր գրում, հետո դասամիջոցներին մեզ համար բարձրաձայն կարդում էր,- հիշում է Եպրաքսին:

Մանկատանն անցկացրած ժամանակը տատը եւ՛ թախիծով, եւ՛ ջերմությամբ է հիշում: Հենց այդ տարիներին նա ընդմիտ կորցնում է կրտսեր եղբոր հետ կապը:

- Աղջիկները մի շենքում էին ապրում, տղաները՝ մյուս: Հերթական դասամիջոցի ժամանակ ես չկարողացա գտնել Եղիային: Հետո իմացա, որ նրան մի քանի ուրիշ տղաների հետ ամերիկացիները որդեգրել են ու տարել ԱՄՆ:

Այդ ժամանակվանից ի վեր Եպրաքսին չի դադարում փնտրել եղբորը: ԽՍՀՄ «երկաթե վարագույրը» շատ է դժվարացնում որոնումները, սակայն կինը երբեք չի հանձնվում:

- Կարեւոր չէ, թե ինչքան ժամանակ է անցել, ես դեռ փնտրում եմ նրան:

Եպրաքսին որբանոցը լքում է 1926թ.: Նրան տանում է հորաքույր Եղսոն, ով պատահաբար մարդկանցից իմանում է նրա գտնվելու վայրը: Կյանքի հաջորդ տարիները Եպրաքսին անց է կացնում Անիպեմզա գյուղում: 1928թ. նա ամուսնանում է Վոլոդյա Գեւորգյանի հետ: Ամուսնությունից 9 երեխա է ծնվում, որոնցից ողջ են 4 դուստրերը՝ Ռիման, Ռոզան, էվելինան եւ Լենան:

1991թ. կյանքից հեռանում է Վոլոդյան:

Ժամանակի մեծ մասը Եպրաքսին անց է կացնում Լենայի հետ:

Եպրաքսին՝ դստեր՝ Լենայի հետ

Այսօր տատն ունի 60 թոռ եւ ծոռ: Ոմանք Ֆրանսիայում են, ոմանք էլ՝ Ռուսաստանում:

Եպրաքսին պատմում է, որ մի օր իրեն արտասահմանցի լրագրողներ էին այցելել, որոնք հարցրել էին, թե կարո՞ղ է նա 100 տարի անց ներել թուրքերին:

- Ես նրանց պատասխանեցի. «Հեշտ է ուրիշին ներելու մասին ասելը: Իսկ դուք կներեի՞ք: Ո՛չ հոր գերեզման ունեմ, ո՛չ մոր: Ի՞նչ իմանամ՝ որ ճամփեքին մնացին, թե սոված շները կերան… Տենց բանը կարելի՞ է ներել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ