News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կյանքի 90-րդ տարում մարտի 18-ին վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից՝ Գերաշնորհ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Եղիշե Սրբազանի մահը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տ. Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը (ավազանի անունը` Զավեն) ծնվել է 1926թ. հուլիսի 15-ին, Դամասկոսում: Նախնական կրթությունը ստացել է տեղի Ազգային Թարգմանչաց վարժարանում, փոքր տարիքից երգել է եկեղեցու դպրաց դասում:

1940 թ. Դամասկոսի Կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տ. Եփրեմ արքեպիսկոպոս Տոհմունու միջնորդությամբ ընդունվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դպրեվանք: 1944 թ. հուլիսի 11-ին, ձեռամբ Տ. Եփրեմ արքեպիսկոպոս Տոհմունու, ձեռնադրվել է սարկավագ: 1947թ., ավարտելով դպրեվանքի ուսումնառության 7-ամյա շրջանը, ձեռամբ Գերաշնորհ Տ. Դերենիկ եպիսկոպոս Փոլադյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1947-51 թթ. դասավանդել է դպրեվանքում եւ Մեսրոպյան նախակրթարանում` միաժամանակ վարելով մի շարք վարչական պաշտոններ: 1951թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Հովսեփյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթ ողիկոսի արտոնությամբ եւ Ամերիկայի Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի հրավերով հովվական ծառայության է մեկնել ԱՄՆ:

1951-81 թ.թ. պաշտոնավարել է ԱՄՆ Արեւելյան թեմի Նյու Յորքի Ս. Խաչ, Լիվինգսթոնի Նյու Ջերսիի Ս. Աստվածածին, Մասաչուսեթս նահանգի Ուստրի Ս. Փրկիչ, Սաութֆիլդ Միչիգանի Ս. Հովհաննես, Ֆիլադելֆիայի Ուինվուտ քաղաքի Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ, Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջի Ս. Երրորդություն եւ կարճ ժամանակով Կանադայի Տորոնտո քաղաքի Ս.Երրորդություն եկեղեցիներում: ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից մեկ տարի ժամկետով կոչվել է Նյու Յորքի Ս. Վարդան առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետի պաշտոնին:

1958թ. ապրիլին ստացել է մասնավոր վարդապետության աստիճան` ձեռամբ ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մամբրե արքեպիսկոպոս Գալֆայանի: 1966թ. ծայրագույն վարդապետության աստիճան է ստացել ձեռամբ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Մանուկյանի: 1963-65թթ. ստանձնել է ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդական փոխանորդությունը: Պաշտոնի հանգամանքով վարել է «Հայաստանեայց եկեղեցի» թերթի խմբագրությունը եւ թեմի կիրակնօրյա դպրոցների տեսչությունը: Հովվական պաշտոններին առընթեր, աշխատակցել է ԱՄՆ Արեւելյան Հայոց թեմի Հայ Եկեղեցու Երիտասարդաց կազմակերպության «Արմինիան Գարդիըն» ամսաթերթին:

1961-68թ.թ. իր ծառայությունն է բերել ԱՄՆ Արեւելյան թեմի Դպրաց դասերի ընկերակցության կենտրոնական վարչությանը` որպես խորհրդական եւ ատենապետ, ինչպես նաեւ 1963-67թ.թ. թեմական խորհրդին:

1982թ. փետրվարի 14-ին, ձեռամբ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս: 1982թ. ապրիլին նշանակվել է Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ: 1993թ. հունվարին Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի կողմից արժանացել է արքության տիտղոսի:

Անգլիայում, որպես առաջնորդ եւ հայրապետական պատվիրակ, Հայ Եկեղեցին ներկայացրել է Քենթրբերիի արքեպիսկոպոսությունում, մասնակցել է միջեկեղեցական ժողովների եւ հավաքների, ինչպես նաեւ Անգլիկան Եկեղեցու Լամբերթի ժողովին: 12 տարի նախագահել է Անգլիայի Արեւելյան Ուղղափառ Հայ, Ղպտի, Ասորի, Եթովպական եւ Հնդիկ Մալաբար Եկեղեցիների խորհուրդը:

2000թ. հոկտեմբերին առողջական պատճառներով հրաժարվել է Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդի պարտականություններից եւ հանգստի կոչվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ