Անտառամերձ գյուղերում վերջին շրջանում բնակիչների կողմից իրականացվող ապօրինի ծառահատումներն ավելացել են: Այս մասին այսօր` մարտի 21-ին, ասուլիսի ժամանակ նշել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը:
«Անտառամերձ տարածքներում մարդիկ, բնականաբար, շատ են օգտվում անտառից` հիմնականում վառելափայտի առումով, ուստի ապօրինի ծառահատումներ են իրականցնում, որովհետեւ չկան ալտերնատիվ` ավելի մատչելի տարբերակներ»,- ասաց Մարտուն Մաթեւոսյանը:
Նրա խոսքով` վերջին շրջանում գազի թանկացումը, մասնավոր տրանսֆերտների նվազումը, երկրի ֆինանսատնտեսական ճգնաժամը գյուղացիներին ստիպում են հրաժարվել գազի սպառումից եւ անցնել փայտով բնակարանները ջեռուցելու տարբերակին:
«Գաղտնիք չէ, որ այդ մարդիկ ապրում են հիմնականում դրսից եկող տրասֆերտների հաշվին, քանի նոր դրանք նազել են, ծառահատումներն էլ են ավելացել: Արձանագրվող ապօրինի հատումների զգալի մասը անտառամերձ գյուղերի բնակիչների կողմից արվող հատումներն են»,- նշեց Մարտուն Մաթեւոսյանը:
Մարտուն Մաթեւոսյանը նշեց, որ այժմ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հանձնարարված է անտառամերձ տարածքներում ապօրինի հատումներն օրինականացնելու համար մեթոդներ մշակել:
«Միեւնույն է, պետք է հատվեն ծառերը, ավելի լավ է` համակարգել, օրինականացնել եւ հատել այնտեղ, որտեղ կարելի է, քան թողնել գյուղացիների հայեցողությանը: Այսպիսի փորձ նաեւ հարեւան Վրաստանում է կիրառվում»,- նշեց նա:
Վերջինի խոսքով` խնդրի լուծման տարբերակներից մեկն այն է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից հատվեն անառողջ ծառերը եւ շուկայական գնից կրկնակի էժան գնով վաճառվեն գյուղացիներին:




























