Փաստաբան Լյուդվիդ Ավետիսյանը պահանջում է արդարացնել 2014 թ. հունիսի 7-ին Երեւանի Շենգավիթ համայնքում իրենց տանը 65-ամյա մորն սպանելու մեջ մեղադրվող 45-ամյա Սամվել Դարբինյանին:
Այսօր` մարտի 21-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում փաստաբանը պնդեց, որ իր պաշտպանյալն անմեղ է:
«Մեղադրանքը հիմնավորված չէ, իսկ նախաքննությունն ընթացել է խախտումներով, ավելին ջնջումներ կան, որոնք այդպես էլ չեն պարզաբանվել: Գործով վկաների ցուցմունքներում էական հակասություններ կան, մինչդեռ նախաքննական մարմինը չի պարզել ոչինչ»,- ասաց Լյուդվիգ Ավետիսյանը:
Փաստաբանի խոսքով, Սամվել Դարբինյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել ոստիկանների հոգեբանական ճնշման տակ: Ըստ Լյուդվիգ Ավետիսյանի, իր պաշտպանյալին առաջարկել են` ընդունել մեղքը, որի դիմաց ազատ կարձակվի, մինչեւ իրական մարդասպանին հայտնաբերելը:
«Սամվել Դարբինյանը դեպքի օրը եկել է տուն եւ լոգասենյակում հայտնաբերել մոր դին: Երբ մոտեցել է մորը, ոտքը սայթաքել է եւ վնասվածք է ստացել: Այնուհետեւ անմիջապես դիմել է հարեւանների օգնությանը, ապա զանգահարել Տավուշում բնակվող եղբորը: Իմ պաշտպանյալը պնդում է, որ չի սպանել մորը»,- ասաց փաստաբանը` դատարանից պահանջելով արդարացնել Սամվել Դարբինյանին:
Սամվել Դարբինյանը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառի համար: Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց ապրիլի 2-ին:
Նշենք, որ դատախազը պահանջել էր 12 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Սամվել Դարբինյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով: Սամվել Դարբինյանը ճանաչվել է մեղսունակ:




























