Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում այսօր` մարտի 21-ին, գայլի կողմից հարձակման ենթարկված 75-ամյա Ռոզա Հարությունյանին սպասվում են մի քանի բարդ վիրահատություններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը` նշելով, որ կնոջ Ռոզա Հարությունյանի վիճակը կայուն ծանր է, այս պահին նրան հետազոտում են, որից հետո կտեղափոխվի վիրահատարան:

«Ձեռքերն են վնասված եւ շատ լուրջ դեմքը: Մի քանի վիրաբուժական բրիգադներ պետք է աշխատեն` միկրովիրաբույժներ, պլաստիկ եւ դիմածնոտային վիրաբույժներ: Բարդ վիրահատություն է սպասվում, միանշանակ պլաստիկ վիրահատության անհրաժեշտություն կա, ուղղակի հնարավոր է, որ պլաստիկ վիրաբույժները մեկ կամ երկու շաբաթից միանան»,-ասաց նա: