Թարմ օդ, համեղ տոլմա, հայկական գինի, բարի, կամեցող մարդիկ` հենց այս պատճառներով են իրանցի տուրիստները նախընտրում շիաների Նոր տարին` Նովրուզը, Հայաստանում անցկացնել:

Երեւանում անցկացված NEWS.am-ի հարցախույզը պարզեց, որ իրանցիները Նովրուզի օրերին Հայաստան են այցելում ինչպես ընտանիքներով, այնպես էլ ընկերների հետ, այստեղ անցկացնում միջինում 4-7 օր:

«Հայաստանում ամեն ինչ սիրում եմ` օդը, եղանակը, տոլման, քուֆթան շատ համեղ են: 4 օր կմնանք այստեղ, հետո կգնանք Վրաստան եւ Թուրքիա»,- ասաց հարցմանը մասնակցող տուրիստներից մեկը:

Նրանցից մեկն էլ նշեց, որ Հայաստան է այցելել հարազատների հետ` ոչ միայն ամուսնուն տեսնելու եւ Նովրուզը նրա հետ նշելու, այլեւ Հայաստանում շրջելու եւ մեր երկրին ու մշակույթին ծանոթանալու համար:

«Ամուսինս Արտաշատում է ապրում եւ աշխատում արդեն 4 տարի, մենք էլ հարազատներով եկանք, որ ե'ւ Նոր տարին նշենք, ե'ւ եկեղեցիներն այցելենք: Մեզ համար նոր է ձեր մշակույթը, ուզում ենք դրան ծանոթանալ»,- ասաց նրանցից մեկը:

Տուրիստները դժգոհ են Հայաստանում սննդի բարձր գներից, տաքսի ծառայություններից չեն դժգոհում: