Երեւանի որոշ խանութներ ներս չեն թողնում իրանցի զբոսաշրջիկներին` պատճառաբանելով` «կարգադրել են` գող պարսիկներին ներս չթողնել»: Այս մասին այսօր` մարտի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուրիզմի ոլորտի աշխատակից Յաշա Սոլոմոնյանը:
Նրա խոսքով` երեկ` մարտի 21-ին, քաղաքի կենտրոնի խաղալիքների խանութի աշխատակիցը փորձել է խանութից հրմշտելով հեռացնել իրանցի զբոսաշրջիկներին:
«Զբոսաշրջիկները միջին տարիքի տղամարդիկ էին՝ իրենց կանանց ու երեխայի հետ: Մարդիկ ցանկանում էին մտնել խանութ՝ նվերներ գնելու, սակայն աշխատակիցները թույլ չտվեցին ներս մտնել: Գոռգոռալով, հրմշտելով՝ հեռացնում էին խանութի մոտից»,- ասաց նա:
Վերջինի խոսքով` աշխատակիցները իրանցի տուրիստներին խանութ չթողնելու համար հատուկ կարգադրություն ունեն:
«Երբ աշխատակցին հարցրի, թե ինչու ներս չի թողնում, նա ասաց, որ տնօրինության կարգադրությունն է «գող պարսիկներին» ներս չթողնել: Հարցրի` որտեղի՞ց եք հասկացել, որ պարսիկները, եւ հատկապես այս մարդիկ գող են, նա պատասխանեց, որ բոլոր պարսիկներն էլ գող են ու իրենց խանութ պիտի չմտնեն»,- ասաց նա:
Յաշա Սոլոմոնյանը նշեց, որ ընդամենը 2 օր Հայաստանում գտնվող զբոսաշրջիկների այս խմբին երեւանյան մեկ այլ խանութում ստիպել են բացել պայուսակը եւ ստուգել պարունակությունը. աշխատակիցները ոչինչ չեն գտել:
Յաշա Սոլոմոնյանի խոսքով` խնդիրը մեկ-երկու խանութում մի քանի տուրիստների հետ արձանագրվող դեպքերը չեն, առհասարակ հայ հասարակության «մեղմ ասած` ոչ դրական վերաբերմունք է» իրանցիների նկատմամբ:
«Գող կամ փնթի են անվանում, խանութ չեն թողնում մտնել… Իհարկե, իրանցիներն էլ են գողություն անում, բայց հայերի մեջ էլ գողեր կան, բոլոր ազգերի մեջ էլ կան: Պետք է չէ մի քանի դեպքը հիմք ընդունել եւ ամբողջ ազգին պիտակավորել: Հասարակության վերաբերմունքն ու մոտեցումը պետք է փոխվի»,- նշեց Յաշա Սոլոմոնյանը:





























