Եթե կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվող քաղաքացին 55 տարեկանում կուտակի 19.2 մլն դրամ, ապա հնարավորություն կունենա կենսաթոշակի անցել հենց այդ տարիքում։ Այս մասին մարտի 23-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է Հայաստանի ԿԲ արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Կարեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այդ չափը որոշվել է 16 հազար դրամ բազային թոշակից ելնելով։ Բազային թոշակի փոփոխության հետ մեկտեղ կարող է փոխվել նաեւ պահանջվող թոշակային կապիտալը։ Մնացած դեպքերում քաղաքացին թոշակի է անցնում 63 տարեկանում։

Հակոբյանը հիշեցրել է, որ 2014-ին Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը մեղմել է համակարգի մի շարք պահանջներ։ Եթե նախկինում քաղաքացին չէր ապրում մինչեւ թոշակային տարիքը, ապա ժառանգները կարող էին ստանալ նրա կուտակումները միայն սեփական կուտակային հաշիվների վրա։ ՍԴ որոշումից հետո ժառանգները իրավունք են ստանում ազատ տնօրինել գումարը։ Նախկինում 2 տարով երեխայի խնամքի արձակուրդ գնացած մայրերի համար կուտակային վճարումներ նախատեսված չէին, իսկ հիմա 3 հազար դրամ վճարում է գործատուն, իսկ 5 հազարը՝ պետությունը։

Կուտակային համակարգին մասնակցում են 40 տարեկանից փոքր քաղաքացինեևը։ Կուտակային համակարգը պարտադիր կդառնա 2017թ. հուլիսի 1-ից։  Կուտակային ավանդի 5 տոկոսը վճարում է վարձու աշխատակիցը, իսկ այդքանն էլ՝ պետությունը։ Սակայն 1996թ.-ից հետո ծնվածների համար պետությունը արտոնություն է նախատեսել։ Մինչեւ 2017թ. հուլիսի 1-ը պետությունը 10 տոկոս է վճարելու՝ որպես աշխատաշուկայում նորեկների աջակցություն։