Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները կարող են տարբեր միջոցներով մանրամասն տեղեկություններ ստանալ իրենց հաշվի վիճակի մասին: Այդ մասին մարտի 23-ի մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության Արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Կարեն Հակոբյանը:  

Նրա խոսքով, հաշիվների վերաբերյալ տվյալները պահվում են Հայաստանի Կենտրոնական պահոցում:  Հաշվի մասին տեղեկությունները կարելի է ստանալ բանկերի կամ «Հայփոստ» փոստային օպերատորի  մասնաճյուղերում (որոնք համագործակցում են Պահոցի հետ): Այնտեղ կարելի է տեղեկություններ ստանալ հաշվի մնացորդի եւ դրա դինամիկայի վերաբերյալ, ինչպես նաեւ կուտակումների եկամտաբերության եւ այն մասին, թե ինչ գնով են դրանք փոխակերպվել կուտակային հիմնադրամի փայաբաժինների: 

Նույն տեղեկությունները կարելի է ստանալ էլեկտրոնային միջոցով,  id քարտի տվյալներով` Պահոցի կայքում կամ epension.am տեղեկատվական պորտալում, որը նվիրված է կուտակային կենսաթոշակներին  (նաեւ ռուսերեն տարբերակ ունի):  

Տվյալները կրճատ տեսքով հնարավոր է ստանալ նաեւ բանկոմատներից, որոնք միացված են հայկական ArCa հաշվարկային համակարգին: Քարտը մտցնելով եւ հավաքելով PIN-կոդը, մենյուի ձախ կողմում հնարավոր կլինի տեսնել  «լրացուցիչ ծառայություններ» ընտրանքը, իսկ հետո` «թոշակային հաշվի քաղվածք»:

Այս դեպքում դա այնքան մանրամասն չի լինի, բայց կարտացոլի հաշվին վերջին  7 փոխանցումները, հաշվի մնացորդը եւ հիմնադրամի անվանումը: 

«Կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչների պարտականությունների մեջ է մտնում տարին մեկ անգամ այդ տվյալների առաքումը, բայց անհամեմատ ավելի հարմարավետ է այդ տեղեկությունները ստանալ նշված միջոցներով, քան մեկ տարի սպասել», - հավելել է ԿԲ-ի ներկայացուցիչը: