«Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցների համակարգումը Նաիրա Զոհրաբյանին անցնելուց հետո, ԲՀԿ գործարար պատգամավորը շարունակում է ԲՀԿ-ում չեղած տարաձայնություններ որոնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը՝ անդրադառնալով Արմավիրի մարզի ԲՀԿ Բաղրամյանի տարածքային կառույցի փակվելու մասին լուրերին:

«ԲՀԿ նախագահի վերջին քայլերից հետո, երբ տարածքային կառույցների համակարգումը Նաիրա Զոհրաբյանը վերցրեց իր ձեռքը, խնդիրները կարգավորված են, եւ այդ մասին նշել է նաեւ Բաղրամյանի տարածքային կառույցի մեր ղեկավարը։ Ընդամենն ուզում ենք հուսալ, որ ԲՀԿ մեր գործընկերը, ով որեւէ կերպ չի համակերպվում մտքի հետ, որ այլեւս չի համակարգելու ԲՀԿ կառույցները, վերջապես կհանդարտվի եւ կհասկանա, որ իր բոլոր քայլերը՝ վնասելու կուսակցությանը, դատապարտված են»,-նշել է ԲՀԿ մամուլի խոսնակը: Նշենք, որ խոսքն ամենայն հավանականությամբ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի մասին է, որը մինչեւ վերջերս համակարգում էր ԲՀԿ կառույցների աշխատանքը:

Վանիկ Էլիզբարյանը հայտնեց, որ ԲՀԿ Բաղրամյանի տարածքային կառույցի փակվելու մասին լուրերը որեւէ աղերս իրականության հետ չունեն:

«ԲՀԿ Բաղրամյան տարածքային կառույցը նորմալ, բնականոն աշխատում է: Կառույցի հարգարժան ղեկավար Սամվել Սիմոնյանը շատ հստակ պատասխանել է, որ խնդիրները եղել են զուտ տեխնիկական, եւ կառույցը շարունակում է իր բնականոն աշխատանքը։ Բացարձակ ոչ մի խնդիր չկա: Պարզապես տարածքի սեփականատերը, որը մենք վարձակալում էինք, վաճառել է բնակարանը ու օժանդակ տարածքը: Իսկ նոր սեփականատերը չհամաձայնեց մեզ վարձակալությամբ տարածք տրամադրել: Այսինքն՝ զուտ տեխնիկական խնդիր է»-ասաց ԲՀԿ մամուլի խոսնակը:

Նշենք, որ Արմավիրի մարզի Բաղրամյանի ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար Սամվել Սիմոնյանը մարտի 1-ին դիմում է ներկայացրել ԲՀԿ կենտրոնական գրասենյակ՝ գրելով, որ ներկա իրավիճակում «նպատակահարմար չի համարում գրասենյակի գործունեությունը և փակում է այն», սակայն ավելի ուշ, փոշմանել է եւ, իր խոսքով, «հաղթահարել է հիասթափությունը»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վերջերս ԲՀԿ Նոյեմբերյանի տարածքային կառույցի ղեկավար Զարինե Ղազինյանը լքել է կառույցի ղեկավարի պաշտոնը եւ կուսակցությունը: ԲՀԿ-ն Նոյեմբերյանում արդեն ձեւավորել է նոր տարածքային խորհուրդ, եւ առաջիկա օրերին կկայանա ԲՀԿ Նոյեմբերյանի նորաստեղծ խորհրդի նիստը, որին ներկա կլինի նաեւ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: