Երեւանի Կոնդ թաղամասի մի քանի տասնյակ նախկին բնակիչները, որոնք իրենց բնակարաններ հատկացնելու պահանջով, այսօր՝ մարտի 24-ին, հանդիպում էին պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, հեռացան Կառավարությունից այդպես էլ իրենց պահանջի հասցեատիրոջը չհանդիպելով:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կոնդեցիները հեռանալիս սպառնացին. «Հաջորդ երեքշաբթի էլ մեզ չընդունի, դիմելու ենք ծայրահեղ քայլերի՝ փողոցներ ենք փակելու, ակցիաներ ենք անելու»:
Նշենք, որ կոնդեցիները այսօր փորձել էին մուտք գործել Կառավարության շենք, ոստիկանները նրանց հեռացրել էին, վրդովված բնակիչներն այնուհետեւ փակել էին Տիգրան Մեծ պողոտան, ինչը եւս կանխվել էր ոստիկանների կողմից:
Հիշեցնենք, տարիներ առաջ կառավարությունը որպես գերակա շահ է ճանաչել այդ տարածքը եւ նրանց դուրս է հանել իրենց բնակարաններից՝ խոստանալով փոխհատուցում:





























