Քաղաքացիական ակտիվիստ, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ մեղադրվող Վարդգես Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանը կարծում է, որ դատարանը մեղադրական դատական ակտ կկայացնի: «Ակնհայտ է, որ դատավոր Նելլի Բաղդասարյանը որպես անաչառ դատարան հանդես գալ չի կարող»,- այսօր` մարտի 25-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:
«Իմ պաշտպանական ճառում մեջբերեցի այն արտահայտությունները, որոնք քրեական գործի մեղադրանքի հիմքում են դրված եւ նշեցի, որ Գասպարիի այդ արտահայտություններն ու ավելի սուր արտահայտությունները հենց դատավոր Նելլի Բաղդասարյանի հասցեին է Գասպարին արել, այդ թվում նաեւ մենք: Դրա համար դատարանի կողմից որպես դատական սանկցիա կիրառվել է դատական նիստերի դահլիճից հեռացում կամ նախազգուշացում եւ այլ դատական սանկցիա չի կիրառվել: Դատավորը չի դիմել դատախազություն քրեական գործ հարուցելու համար: Բայց մեկ այլ դատարան այդ արտահայտությունների համար քրեական պատասխանատվության է ենթարկել իմ պաշտպանյալին: Իսկ այսօր այն դատարանը, որը դրանք որպես վիրավորական արտահայտություններ չի որակում, պատրաստվում է դրանց վերաբերյալ դատական ակտ կայացնել: Այստեղ հստակ պրոբլեմ կա, հակասություն»,-ասաց նա` նշելով, որ դատարանն այսօր իր վերաբերմունքով եւս մեկ անգամ ապացուցեց, որ անաչառ դատարան չէ:
Նրա խոսքով, Վարդգես Գասպարին ենթակա է անմեղ եւ անպարտ ճանաչվելու. «Դատարանը սահմանփակեց մեր ճառի հնարավորությունը, նաեւ Գասպարիին վերջին խոսքի իրավունքից զրկեց: Թույլ չտվեց նաեւ գործը կասեցնելու վերաբերյալ միջնորդության մերժման որոշումը բողոքարկել: Այսինքն տասնօրյա իրավունքից զրկեց մեզ, որը նույնպես իրավունքի խախտում է: Գտնում ենք, որ սրանք այնպիսի դատավարական խախտումներ են, որոնք որ այս դատական ակտը բեկանելի են դարձնում, դատարանից սպասելիքներ չունենք»,-ասաց նա:
Վարդգես Գասպարին էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջին խոսքում պատրաստվում էր մեկ անգամ եւս նշել, որ «դատարանը մարդասպանների հովանավորն է»:
«Իմ վերջին խոսքում պետք է կրկնեի այն ինչ ասել եմ Վարչական դատարանում: Դատարանը միեւնույն դատարանն է, իսկ դատավորը նույն որակի է` պետք է կանգնեի ասեի` դուք սպանեցիք իմ համաքաղաքացիներին, սրիկա հանցագործներ եք, որովհետեւ հովանավորում եւ թաքցնում եք Մարտի 1-ի մեղավորներին: Իրենք նեղվում են, որ ասում եմ սրիկա մարդասպաններ եք, ուզում են, որ ասեմ` դուք չքնաղ, քնքուշ մարդասպաններ եք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:




























