Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի նախկին սանի բռնաբարության մեջ մեղադրվող, Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքի տեսուչ Հայր Խադ վարդապետ Տունդուրյանն աշխատանքից հեռացվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Երուսաղեմի պատրիարքարանից:

Հայր Խադ վարդապետ Տունդուրյանը մեկն է այն երեք հոգեւորականներից, որոնց վարժարանի նախկին սան Հրայր Եզեկելյանը մեղադրում է 1990թ.-ին իրեն բռնաբարելու մեջ:

«Մեղադրանքների հետ կապված Հայր Խադ վարդապետ Տունդուրյանի լիազորությունները դադարեցվել են, սակայն նա շարունակում է մնալ վարժարանում՝ որպես վանական: Նրա փոխարեն վանքի տեսուչ է նշանակվել Հայր Ասպետ վարդապետ Պալյանը»,- հայտնեցին պատրիարքարանից:

Հրայր Եզեկելյանի մեղադրանքների իսկությունը պարզելու համար Երուսաղեմի Հայոց պատրիարքի և Տնօրեն ժողովի որոշմամբ ստեղծվել է հատուկ հանձնախումբ, որը ներքին հետաքննություն է անցկացնում։ Առաջիկա օրերին պատրիարքարանը հանդես կգա հայտարարությամբ:

Նշենք, որ ըստ ֆրանսիական եւ իսրայելական մամուլի՝ 1990-ական թվականներին Երուսաղեմի հայկական վանքի բարձրաստիճան հոգեւորականները բռնաբարել են մանկահասակ տղայի: Նա 2013թ.-ին բողոք է ներկայացրել Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի դեմ, որն այդ ժամանակ արդեն բնակվում էր Ֆրանսիայում:

2015թ. արքեպիսկոպոսի դեմ ներկայացվել է մեղադրանք եւ հարուցվել քրեական գործ, որը 2016-ին ուղարկվել է դատարան: Առաջիկայում սպասվում էր դատավարություն, սակայն օրեր առաջ արքեպիսկոպոսը մահացել է: