Մոսկվայում մարտի 25-ի երեկոյան դժբախտ պատահարի զոհ դարձած վանաձորցի, 32-ամյա Լիանա Հովհաննիսյանի  հարազատները որոշել են նրան հուղարկավորել Հայաստանում, կնոջ մարմինը Հայաստան կտեղափոխվի այսօր:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Լիանայի դասընկերներից մեկը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ տարածված տեղեկությունների, Լիանան եղել է ականջակալներով՝ բարձր երաժշտությունը միացրած, վերնազգեստի գլխարկը գլխին, ինչի արդյունքում չի նկատել մոտեցող գնացքն ու չի լսել սուլոցը: Ավելի ուշ, սակայն, պարզ դարձավ, որ Լիանան ուղղակի մոտ է կանգնած եղել երկաթգծի ռելսերին, ինչի հետեւանքով բարձր արագությամբ անցնող գնացքի հարվածի ալիքից կորցրել է հավասարակշռությունն ու ստացել հարված՝ գլխի շրջանում:

Լիանան սովորել է Վանաձորի թիվ 4 դպրոցում: Դասընկերների խոսքով նրան շատ են սիրել թե ուսուցիչները, թե դասընկերները:

Դպրոցն ավարտելուց հետո Լիանան սովորել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի Ռուսաց լեզու եւ գրականություն բաժնում:

Նա ամուսնացած էր, ուներ երկու զավակ՝ 11-ամյա դուստր ու 6-ամյա որդի: