«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ, իրավաբան Կարեն Վարդանյանին սպանել են, իսկ դին թաքցրել ավտոտնակում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Արդեն տեղեկացրել էինք, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր 1982 թ. ծնված Կարեն Վարդանյանը, որը մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել:
Մարտի 30-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Երեւան քաղաքի վարչությունների, ՊՊԾ գնդի եւ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում՝ մարտի 31-ին, ժամը 23.40-ին, Երեւանի Տիգրան Մեծի եւ Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 23-ամյա Գեւորգ Զոհրաբյանը, 35-ամյա Ա. Զ.-ն, 27-ամյա Հ. Վ.-ն, 56-ամյա Ա. Դ.-ն, իսկ ժամը 23.55-ին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղից բերման է ենթարկվել 43-ամյա Արթուր Միհրանյանը:
Պարզվել է, որ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել եւ սպանել Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գեւորգ Զոհրաբյանին պատկանող Երեւանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը ձերբակալված են: Քննությունը շարունակվում է:
Նշենք, որ օրեր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոանիսյանը հայտարարել էր, որ Կարեն Վարդանյանը մութ պատմությունների մեջ է ընկել: «Մեզ հայտնի է, որ մի քանի օրով անձնական բիզնես գործերով ուզում էր գնալ Դուբայ: Զգուշացրել էր, որ մարտի 17-ին մի շաբաթով մեկնում է: Մեկնելուց մի քանի օր հետո պարզվում է, որ ինքը նախկինում իր բնակարանը գրանցել է հարեւանի անունով, որը շահել էր Կարենի վստահությունը: Կարենը 300.000 դրամի չափով կալանքի խնդիր ուներ, որ այդ կալանքը բնակարանի վրա չտարածվեր, Կարենի անունից բնակարանի նվիրատվություն է ձեւակերպվել հարեւանի անունով, հարեւանն էլ 22-ամյա երիտասարդ է: Կարենի մեկնելուց երկու օր հետո հարեւանը գալիս ու Կարենի իրերը հանում է տնից՝ հայտարարելով, որ բնակարանը վերավաճառել է այլ անձի: Կարենը չի վերադառնում, չի պատասխանում ոչ մի գրածի, roaming-ում այդպես էլ չգրանցվեց: Կասկածում ենք, որ թրաֆիքինգ է եղել, որովհետեւ Կարենը բավականին միամիտ էր ու իրեն խաբելն այնքան էլ դժվար գործ չէր, թեեւ իրավաբանորեն գրագետ մարդ էր:
Համոզված եմ, որ խարդախությունն առկա է, որովհետեւ նախկինում էլ էր խարդախության զոհ եղել է: Իր հետ նույն տանը բնակվող ընկերն էլ վերջին անգամ Կարենին տեսել է օդանավակայան ճանապարհելիս»-Aravot.am-ին հայտնել է Իոանիսյանը:
Նշենք, որ Կարենի ծնողները մահացած են, իր անհետացման վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում են տվել Կարենի մորաքույրերը: Կարենը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության գլխավոր փորձագետներից էր:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)











