Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանին  գերլարված վիճակը եւ խաղաղ բնակավայրերի գնդակոծումը ոչ այլ ինչ է, քան պաշտոնական Բաքվի կողմից ղարաբաղյան կարգավորման գործընթացում միջազգային հանրության ջանքերը զրոյացնելու բացահայտ փորձ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանային լարվածությանը:

«Եթե որեւէ մեկի համար դեռ գաղտնիք է, թե ինչու էր Ադրբեջանն այդքան համառորեն հրաժարվում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումից՝ ապա պետք է խորհուրդ տալ զբաղվել մեկ այլ գործով, քան միջնորդությունն է: Այդ մեխանիզմներն այս պահին ճիշտ ու վերջնական պատասխան կտային  այն հարցադրումներին, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը եւ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել սահմանի ողջ երկայնքով եւ թե ինչ արգելված զենքեր ու զինատեսակներ է օգտագործում Ադրբեջանն Արցախի դեմ»,- ասաց Աշոտ Ղուլյանը:

ԱԺ նախագահի խոսքով, Ադրբեջանը չդիմացավ վերջին ամիսներին աշխարհի տարբեր կետերում արձանագրված միջազգային ահաբեկչության գործում իր մասնակցությունն ունենալու գայթակղությանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայքով՝ օգտագործելով հրետանի, տանր տեխնիկա եւ ավիացիա։ Երկու կողմերից էլ կան զոհեր։