Բոլորին կոչ եմ անում կանգ առնել, եւս մեկ անգամ մտածել, թե որտեղ ենք գտնվում, ինչի համար ենք պայքարում. այնտեղ մարդիկ են ապրում, եւ բոլորս պատասխանատու ենք մարդկային կյանքերի եւ ճակատագրերի համար: Այս մասին ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Իսրայելի Կնեսետի փոխնախագահ Տալի Պլոսկովը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հետ շփման գծում Ադրբեջանի վերջին գործողություններին:

«Մենք այստեղ ենք եղել հակամարտության սրացումից առաջ: Երբ լսեցինք այդ մասին, նույնիսկ հետ դառնալու որոշ կոչեր հնչեցին, բայց քանի որ երկու պետություն ենք, որոնք ապրում են շատ նման իրականությունում, մենք որոշեցինք մնալ այստեղ եւ ցույց տալ, որ կարող ենք շարունակել ապրել՝ կարծես ոչինչ չի եղել, եւ պայքարել մեր պետությունների անկախության համար: Այդ պատճառով մենք այստեղ ենք»,- նշեց Տալի Պլոսկովը:

Հարցին, ինչո՞ւ է Ադրբեջանը հերթական անգամ այդպիսի գործողությունների դիմում, նա պատասխանեց. «Ցավոք, չեմ կարող պատասխանել Ադրբեջանի անունից: Ես տեսնում եմ փաստեր, որոնք ես նույնպես ոչ մի կերպ չեմ կարող ողջունել: Բայց ինձ համար անհասկանալի է, թե ինչու չենք կարող ապրել խաղաղ երկնքի տակ: Յուրաքանչյուր պետություն հոգ է տանում իր ապագայի, իր երեխաների, իր թոռների եւ երկրի ապագայի մասին: Այդ պատճառով մենք պետք է մեկ բան հասկանանք. պետք է խաղաղության կոչ անենք»:

Տալի Պլոսկովի խոսքով, բոլորը պետք է ի վերջո հանգստանան եւ հասկանան, որ յուրաքանչյուր պետություն առանձին եւ բոլորս միասին պետք է հոգանք, որպեսզի խաղաղություն լինի, որպեսզի երկրները զարգանան՝ առանց միմյանց խանգարելու, այլ միմյանց օգնելով: