Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով՝ գործող միջազգային եւ լիազորված մեխանիզմների շրջանակներում, հակամարտությունը չունի ռազմական լուծում: Այս մասին ասվում է ՀԱՊԿ տարածած հաղորդագրությունում՝ վկայակոչելով կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքը:

«ՀԱՊԿ քարտուղարությունը շատ ուշադիր հետեւում է իրավիճակին, որը ստեղծվել է շփման գծում: ՀԱՊԿ երկրների դիրքորոշումն այս հարցում բազմիցս ներկայացվել է՝ կրակի դադարեցում եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում, իսկ լարվածության շարունակումը հղի է ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի անկայունությամբ: Պարզ է մեկ բան, բոլորին միայն խաղաղություն է պետք»,-ասել է Բորդյուժան:

Ինչպես հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, Բորդյուժան գտնվում է ՀՀ ռազմաքաղական ղեկավարության հետ մշտական շփման մեջ՝ կապված ԼՂ հակամարտության գոտում ապրիլի 2-ին մասշտաբային զինված բախումների վերսկսման հետ:

Նշենք, որ այսօր Բորդյուժան հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էեվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որի ժամանակ քննարկվել է զինված հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը: «ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից ստանում է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը»,-ասված է հաղորդագրությունում: