Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում այնպիսի իրավիճակ է, որ միջազգային հանրության պարիտետային հայտարարություններն այլեւս չեն օգնում. Ադրբեջանը օգտագործում է այդ հայտարարությունները սեփական նպատակների համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով, շատ կարեւոր է, որ միջազգային հանրությունը հանդես գա հասցեական հայտարարություններով: «Ակնհայտ է, որ Ադրբեջանը շատ հաճախ խախտել է հրադադարի ռեժիմը, իսկ հիմա երկու օր շարունակ շփման գծում լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթանում՝ ռազմական զինանոցի բոլոր տեսակների օգտագործմամբ: Սա, իհարկե, անընդունելի է, եւ մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել նման դրսեւորումները»,-ընդգծել է Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Երկու կողմերից էլ կան զոհեր։
Վերջին տվյալներով Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 տանկ, 2 անօդաչու սարք, 5 միավոր այլ զրահատեխնիկա: Ղարաբաղյան կողմը կորցրել է մեկ տանկ:
Ղարաբաղյան կողմից զոհվել է 18, վիրավորվել շուրջ 40 մարդ: Զհեր կան նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում: «Գրադ» կայանքից արձակված կրակոցից մահացել է 12-ամյա երեխա, եւս երկուսը վիրավոր են:




























