Ադրբեջանը, ի հեճուկս իր սեփական հայտարարությունների, շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը՝ հրետակոծելով խաղաղ բնակավայրերը, սպառնալիք ստեղծելով քաղաքացիական բնակչության, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների կյանքին:

Ադրբեջանական բանակը այսօր՝ ապրիլի 3-ին հրետակոծել է Մարտակերտը, հրետակոծության տակ է հայտնվել նաեւ NEWS.am-ի թղթակիցը, որն այլ լրագրողների հետ գտնվում էր Մարտակերտ քաղաքում՝ շփման գծից բավական հեռու:

Մեր թղթակցի փոխանցմամբ, ադրբեջանական հրետանին թիրախ է ընտրել քաղաքի բնակելի թաղամասն ու հատկապես դպրոցի շենքը: Նրա խոսքով, թշնամին կարծես իր հեռահար զենքով փորձում է պատերազմել միայն խաղաղ բնակչության հետ:

Արկերից մեկը պայթել է առաջին գծից բավականին հեռու գտնվող քաղաքում, լրագրողներին մոտ տարածության վրա՝ ավիրելով շինություններ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե միակողմանի դադարեցնում է մարտական գործողությունները: ԼՂՀ ՊԲ-ն այդ հայտարարությունը ապատեղեկատվություն էր որակել: