Ադրբեջանը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վատթարացումն օգտագործում է որպես ղարաբաղյան խնդրի՝ իր օգտին լուծմանը նպաստող գործոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Հակամարտությունների ուսումնասիրման եւ անալիզի անկախ բրիտանական կենտրոնի տնօրեն Քրիստոֆեր Լենգթոնը:

Նրա խոսքով՝ ճգնաժամը վերջին տարիների համար աննախադեպ մակարդակի է հասել: «Ադրբեջանի կողմից օպորտունիստական քաղաքականություն է նկատվում այն առումով, որ Արեւմուտքը եւ Ռուսաստանը ներգրավված են Սիրիայի խնդրում, իսկ Թուրքիան ԵՄ-ի հետ սիրիացի փախստականների հարցով համաձայնության է եկել: Ադրբեջանը կարծում է, որ այդ հնարավորությունների շնորհիվ կարող է գերազանցության հասնել Ղարաբաղում իր նպատակներին հասնելու գործում, քանի որ շատ է տուժել նավթի եւ գազի գների անկումից»,- նշել է Լենգթոնը:

Փորձագետը նշել է, որ Բաքուն կարող է նաեւ ներքին ճակատի ճնշման տակ լինել, այդ պատճառով ուշադրության կարիք ունի: