Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Tert.am-ի հարցին, թե արդյոք երկրորդ նախագահը նույնպես պլանավորում է այնպիսի հանդիպումը, որը ապրիլի 9-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի միջեւ, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Այդպիսի հանդիպում նախաձեռնել չեմ պլանավորում։ Տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո եւ հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը՝ հիմա շատ ավելի կարեւոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական եւ մարտավարական պատրաստվածությունը նոր պայմաններին»,։
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ դժվար թե գործող նախագահի եւ նախկին նախագահների հանդիպումները կարող են ինչ-որ կերպ ազդել այդ առաջնահերթ գործնական խնդիրների լուծման վրա: «Ուրախալի է, որ հայ հասարակությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ լուրջ արտաքին վտանգի պարագայում ունակ է համախմբվել ագրեսիային հակադարձելու համար։ Նաեւ ակնհայտ է, որ հայրենասիրական ներուժը կրկնապատկվում է, երբ նրան որպես հենարան են ծառայում ժամանակակից մարտունակ բանակը եւ արդյունավետ գործող պետական ինստիտուտները»,-նշել է Քոչարյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը հանդիպել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանինը: Շուրջ մեկ ժամ տեւած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին եւ այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը:




























