Հայաստանում բանակի տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու պոտենցիալ կա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Հայ մասնագետները աշխատում են համաշխարհային լիդերների համար: Նրանց արտադրողականությունը, գիտելիքը ամենաբարձր մակարդակի վրա է, ՊՆ-ն կարող է հայ մասնագետների գիտելիքներն օգտագործել, բայց կարծես թե չի ուզում: Նայեք ցանկացած այլ երկրի բանակի, ինչ տեխնիկա ունեն, մենք էլ կարող էինք ունենալ»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրենը:

Կարեն Վարդանյանի խոսքով՝ 2011թ. ԻՏՁՄ-ն եւ Պաշտպանության նախարարության միջեւ համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ հանձնաժողով բանակում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցելու նպատակով, մի շարք առաջարկություններ են արվել, որոնք սակայն մերժվել են ՊՆ-ի կողմից:

«Կան պատերազմի տվյալներ, կան հետեւանքներ, իրենց հարցրեք, թե ինչու մեր առաջարկները մերժվեց, ինչու տեխնոլոգիական ոլորտը չզարգացնելու պատճառով այդքան զոհեր ունեցանք»,-ասաց նա:

ԻՏՁՄ գործադիր տնօրենը կարծիք հայտնեց, որ Հայաստանի երբեմնի հզոր ռազմաարդյունաբերությունը ոչնչացվել է արտաքին ազդակների հետեւանքով: 

«Կարծում եմ՝ սաբոտաժ է եղել, ամենայն հավանականությամբ, դա այլ երկրների ազդեցության խնդիր է եղել, որովհետեւ 1990թ.-ից հատուկ գործողություններ արվեց, որպեսզի Խորհրդային Միության Հայաստանի ռազմաարդյունաբերությունը ոչնչացվի: Ղարաբաղյան պատերազմից հետո որոշ բաներ վերականգնվեց մինչեւ 2000թ.-ից, հետո նորից ոչնչացվեց: 2011թ.-ին, երբ ոլորտը կարելի էր զարգացնել չզարգացվեց: Կարծում եմ, դա անհատների հետ կապված չէ, այլ այդ անհատներին դրսից հրաման տվողների հետ»,-նշեց Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ՊՆ-ին առաջարկվել է բանակ համալրել տանկերի նշանառության, ռադիոեթերը փակելու եւ լսելու, սեփական տեղորոշման, ռոբոտացված եւ մի շարք այլ համակարգերով, որոնք կարող են ստեղծվել հայ մասնագետների կողմից: