Just Look ՍՊԸ-ն Հայաստանի պաշտպանության նախարարությանն առաջարկում է համագործակցել եւ հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաեւ շփման գծում որակյալ ջերմային տեսախցիկներ տեղադրելու գործում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Just Look ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Խաչատուրյանը՝ հավելելով, որ դրանցով հնարավոր է շփման գծում անօդաչու թռչող սարքերի միջոցով թշնամու թիկունքի ջերմային մոնիթորինգ (Thermal monitoring) իրականացնել:

Նրա խոսքով, իրենց առաջարկած ջերմային տեսախցիկներն ունեն շատ ուժեղ ծրագրային ապահովում, որը կարողանում է տարբերել ջերմաստիճանն ըստ ծրագրային հրահանգի:

«Օրինակ ամռանը, երբ քարերը կամ այլ առարկաները նույնպես շատ տաքացած են լինում, այդ ծրագրային ապահովումով կարողանում ենք տարբերել մարդու ջերմաստիճանը: Ընդ որում, տեսախցիկները կարողանում են տարբերել ոչ միայն մարդու, այլեւ նրա վրայի հագուստի՝ ասենք կամուֆլյաժի ջերմաստիճանը՝ համապատասխան տվյալ եղանակի»,-ասաց Խաչատուրյանը:

Նա նշեց, որ նախկինում եւս ՊՆ-ին նման առաջարկներ արել են, սակայն ֆինանսների պակասի պատճառով գործին ընթացք չի տրվել: «Իսկ հիմա ֆինանսավորումը կիսվել է, որովհետեւ մենք այդտեղից հանել ենք մեր օգուտը: Որքան էլ որ դա մեզ համար բիզնես է, այսօր մենք պատրաստ ենք անշահախնդիր կերպով համագործակցել՝ առանց գումարի ակնկալիքի, որովհետեւ խոսքը մեր զինվորների մասին է»,-ասաց Just Look ՍՊԸ տնօրենը՝ հավելելով, որ իրենց առաջարկած տեսախցիկները տարբեր երկրներում օգտագործվում է:

Խաչատուրյանը նշեց, որ այս պահի դրությամբ իրենց առաջարկին դեռ չեն արձագանքել: «Սպասում ենք, որ կարձագանքեն: Բայց ձեռքներս ծալած չենք նստում, էլի փորձում ենք մեր կոչը լսելի դարձնել»,-ընդգծեց նա:

Տնօերնի խոսքով, նախկինում էլ մեր ուժային կառույցներն օգտագործել են նմանատիպ արտասահմանյան տեսախցիկներ, սակայն դրանք իրենց որակով զիջում են: «Հիմա պետք է առավել ուժեղ եւ կատարելագործված տեխնիկա, որն առաջնագծում կարողանա խնդիր լուծել»,-ասաց նա:

Խաչատուրյանը հիշեցրեց, որ «Դիջիթեքի» ֆորումի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մոտեցել է իրենց տաղավարին, մոտ 4 րոպե հետաքրքրվել իրենց առաջարկներով եւ հրահանգել համապատասխան մարդկանց զբաղվել այդ խնդրով:

Նշենք, որ Just Look ՍՊԸ-ն այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ իրենք համագործակցում են ՀՀ լավագույն ինժեներների ու ծրագրավորողների հետ, որոնց օգնությամբ կարող են ստանալ վերջնական լուծում ոչ միայն ցամաքային ինժեներական կետերը ամրապնդելու համար, այլ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ իրականացնել շփման գծի եւ թշնամու թիկունքի ջերմային մոնիթորինգ (Thermal monitoring):

«Ինչու՞ հենց ջերմային տեսախցիկներ:

Գիշերային ժամերին, երբ տեսանելիությունը մոտիկ է զրոյականին, ԱԹՍ-երը կարող են թռչել հակառակորդի դիրքերի վրայով եւ ստանալ տեղեկություն հակառակորդի՝

1. Կենդանի ուժի առկայության եւ քանակի վերաբերյալ:

2. Զին տեխնիկայի եւ քանակի վերաբերյալ:

3. Տեխնիկական միջոցների տեղաշարժման վերաբերյալ (քանի որ ուժերը հիմնականում տեղաշարժվում են գիշերային ժամերին):

Պատրաստ ենք ողջ ներուժով անշահախնդիր համագործակցել ՀՀ եւ ԼՂՀ բոլոր ուժային կառույցների հետ»,-ասված է հայտարարությունում: