News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անցյալ շաբաթ Արցախի դեմ լայնածավալ հարձակման ժամանակ ադրբեջանցի զինվորականները սպանեցին եւ վիրավորեցին տասնյակ հայ զինվորների եւ խաղաղ բնակիչների՝ օգտագործելով Իսրայելից եւ Ռուսաստանից ձեռքբերված միլիարդավոր դոլարների արդիական զենքեր: Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա մասնավորապես, նշում է.

«Հայաստանի կառավարությունը եւ աշխարհասփյուռ հայությունը մեղադրեցին թե Իսրայելին, թե Ռուսաստանին, որոնք պատասխանատվություն են կրում վերջին ադրբեջանական հարձակումից զոհված անմեղ հայերի արյան համար: 

Պրոֆ. Իսրայել Չարնին, իբրեւ արդարամիտ հրեա եւ մարդու իրավունքների ջատագով, չէր կարող լուռ մնալ, իմանալով, որ իր երկիրը՝ Իսրայելը, դերակատարություն է ունեցել հայերի արյունահեղության մեջ: Որպես Երուսաղեմի Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, դոկտ. Չարնին խիստ քննադատական հոդված է ուղարկել իսրայելական «Հաարեց» (Haaretz) թերթին, հետեւյալ գրգռիչ վերնագրով. «Արդյոք Իսրայելը անօդաչու թռչող սարք կվաճառե՞ր Հիտլերին»: Ահա թե նա ինչ է գրում. 

«Եթե նացիստները բնավ սպանած չլինեին հրեաներին, այլ «միայն», ենթադրենք ատելի սլավոնացիներին, գնչուներին եւ Եհովայի վկաներին, եւ եթե մեր սիրելի Իսրայելի պետությունը այն ժամանակ գոյություն ունենար, արդյոք դուք կհամաձայնեի՞ք, որ մենք զենք վաճառեինք նացիստներին:  

«Հաղորդում են, որ Իսրայելը միլիարդավոր դոլարների զենք է վաճառել, ներառյալ այնպիսի կառավարությունների, որոնք սպանում են կամ սպառնում են հարձակվել տուժած ժողովուրդների վրա: Անցյալ շաբաթ լուր ստացվեց, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը, մեր հսկայածավալ զենքի գնորդ Ադրբեջանի կողմից վեց հայերի մահվան պատճառ է դարձել Լեռնային Ղարաբաղի տարածքում: 

 «Ես ամաչում եմ: 

«Հայերը 100 տարի առաջ տեղի ունեցած այն մեծ ցեղասպանության զոհերն են, որը  նույնիսկ որոշ իսրայելցի մտավորականներ անվանել են «Հայկական Շոա», այդ թվում՝ Բար-Իլանի համալսարանից: Նրանց ազգային եւ մշակութային մտահոգության մեծ մասը շարունակում է կենտրոնացած մնալ այդ ցեղասպանության հիշողության վրա (մեզ՝ հրեաներիս, ծանոթ է, այնպես չէ՞): Տարիներ ի վեր, մենք՝ իսրայելցիներս, լեյբորիստական կամ «Լիկուդ» կուսակցության գլխավորությամբ, վիրավորել եւ ցավ ենք պատճառել հայ ժողովրդին՝ մերժելով պաշտոնապես ճանաչել նրանց ցեղասպանությունը: Արդյոք մենք ինքներս կհանդուրժեի՞նք այլ կառավարության, ենթադրենք Միացյալ Նահանգներին կամ Անգլիային, որոնք մերժեին ճանաչել Հոլոքոստը՝ հանցավոր կառավարության հետ իրենց  ունեցած իրապաշտական քաղաքական շահերից ելնելով:   

«Մի բարձրաստիճան հայ պաշտոնյա մեզանից մի քանիսին գրել է Իսրայել՝ իր խոր ցավն ու վրդովմունքն արտահայտելով ոչ միայն Հայոց ցեղասպանության մեր վախկոտ ու շահամոլական ժխտումների, այլ նաեւ՝ Ադրբեջանի հետ մեր սերտ ռազմական դաշինքի համար: Ես հիշում եմ, թե ինչպես է հնում Նաթան մարգարեն զայրացել Դավիթ թագավորի վրա՝ չնայած անձնական ոճիրի համար. Բավարար չէր, որ դու սպանեցիր նրան, այլ նաեւ շա՞հ ապահովեցիր այդ ստոր արարքից: Ադրբեջանցիները թուրքական ժողովուրդ են, որոնք հավատարիմ են Թուրքիայի արտառոց եւ ֆաշիստական ավանդույթին՝ խեղաթյուրելու պատմությունը եւ ժխտելու Հայոց ցեղասպանությունը:    

«Ընդհանրապես, մենք՝ իսրայելցիներս, ինչքա՞ն ենք ցանկանում ամրապնդել մեր տնտեսությունը շահութաբեր զենք վաճառելով: Իհարկե, աշխարհում «բոլորն» են դրանով զբաղված, բայց արդյոք մենք եւս պե՞տք է հետեւենք նրանց օրինակին: Արդյոք մենք հրաժարվե՞լ ենք Իսրայելի կերպարից/երազանքից՝ որպես այս մոլորակի ժողովուրդների բարոյական առաջնորդի: Արդյո՞ք սա ձանձրալի, միամիտ եւ երեխայական գաղափար է այս խելահեղ ավերիչ եւ ինքնաոչնչացվող աշխարհում: 

«Այլընտրանքային հայեցակարգ կարող է լինել, որ նախեւառաջ Իսրայելի պաշտպանության համար մեր զենքերը կարող ենք նաեւ վաճառել միայն ճնշված ժողովուրդներին, որոնց զանգվածային ոչնչացման վտանգ է սպառնում, եւ/կամ դաշնակիցներին, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, որը հիմնականում հանձնառու է տարածել ժողովրդավարական արժեքներ եւ խաղաղություն: Իհարկե, մենք դեռ կարող ենք որոշ սխալներ թույլ տալ, բայց գոնե մեր խիղճը ավելի մաքուր կլինի, որ զենք չենք ուղարկել «նացիստներին»: 

«Ես իմ հայ գործընկերներին եւ բարեկամներին միայն կարող եմ ասել՝ ես որպես հրեա եւ իսրայելցի, սարսափած եմ եւ զայրացած»: 

Պրոֆ. Չարնիի կոշտ խոսքերը լիովին արդարացված են, քանի որ թե իսրայելցի, թե ռուս պաշտոնյաներն անամոթաբար խոստացել են շարունակել հավելյալ զենք վաճառել Ադրբեջանին... 

Դոկտոր Չարնին երբեք չի խուսափել իր քննադատական տեսակետները արտահայտնել Իսրայելի անբարո քաղաքականության մասին հայկական հարցերի վերաբերյալ: 2001 թ. իր ջախջախիչ նամակում նա ասել է Իսրայելի արտգործնախարար Շիմոն Պերեսին. «Դուք անցել եք բարոյական այն սահմանը, որը չպետք է իրեն թույլ տա ոչ մի հրեա... Իբրեւ հրեա եւ իսրայելցի, ես ամաչում եմ, որ այժմ Հայոց ցեղասպանության փաստացի հերքման մեջ Դուք այնքան հեռու եք գնացել, որը նման է Հոլոքոստի ժխտմանը»: 

Պրոֆ. Չարնին պետք է բարձր գնահատականի արժանանա իր խիզախ եւ արդարամիտ դիրքորոշման համար՝ հանդիմանելով իր սեփական երկրի անզգա առաջնորդներին...

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ