Ապրիլյան դեպքերից հետո ՀՀ կառավարությունն ու ԼՂՀ ՊԲ հրամանատարը պետք է հրաժարական տան: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգահան Ռուբեն Հախվերդյանը:

«Ահռելի տները, որ սարքել են, ո՞ւմ համար են սարքել: Կառավարությունն ու ԼՂՀ ՊԲ հրամանատարը պետք է հրաժարական տան. Հայաստանի կառավարությունն առաջին հերթին պիտի հրաժարական տա, որովհետեւ աշխատավաձով ապրելու փոխարեն բիզնեսով են զբաղվում, նրանց նկատմամբ պետք է քրեական գործեր հարուցվեն: Մեր գեներալները պետք է կուլակաթափ անեն օլիգարխներին եւ նրանց փողերն ուղղեն հայոց բանակին»,- ասաց Ռուբեն Հախվերդյանը՝ հորդորելով եկեղեցիներ սարքելու փոխարեն զենք գնել:

Երգահանի խոսքով՝ այս օրերին հայ ժողովուրդը ցույց տվեց, որ մենք իշխանություններ չունենք, իսկ իրենք կարող են արժանի հակահարված տալ հակառակորդին:

«Հակառակորդը չէր պատկերացնում, որ այսպիսի հակահարված կստանան, իսկ ռուսական կողմի համար միեւնույնն էր, թե ինչ կլինի»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից իրավիճակը ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում սրվել էր: Ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ էր սկսել շփման գծում: Հայկական կողմը կարողացավ արժանի հակահարված տալ հակառակորդին: Երկու կողմերից կան զոհեր եւ վիրավորներ:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շտաբների պետերը կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն են ձեռք բերել: