Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին որոշել է հոկտեմբերի 1-ից սկսվող խորհրդարանական աշխատանքները սկսել Անիի մայր տաճարում նամազ անելով։
Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ թուրք ազգայնականը այդ քայլն անում է ի հակադրություն Աղթամարի Ս. Խաչում տեղի ունեցած պատարագի։
Պատմությունից անտեղյակ թուրք ազգայնական Դեւլեթ Բահչելիին թվում է, թե 1001 թվականին Անիում կառուցված հայկական եկեղեցին կառուցել է Ալփարսլանը, ով Անի է մուտք գործել միայն 1064 թվականին։ Ընդ որում, ներկայումս էլ Անիի մայր տաճարի դիմաց գտնվող ցուցանակի վրա նույնիսկ թուրքերենով նշված է կառուցման տարեթիվը՝ 1001 թվական։ Դեւլեթ Բահչելիին թվում է, թե ինքը նամազ է անելու այսպես ասած Ֆեթիյե մզկիթում։
Նշենք, որ շատ մասնագետների կողմից Կովկասի ճարտարապետության զարդը համարվող Անիի մայր տաճարի շինարարությունն սկսվել է հայոց արքա Սմբատ 2-ի օրօք՝ 989 թվականին եւ ավարտվել Գագիկ 1-ինի օրօք՝ նրա կնոջ՝ Կատրամիդե թագուհու օժանդակությամբ 1001 թվականին։ Անիի մայր տաճարի ճարտարապետն էր Տրդատը, ով նաեւ վերակառուցել էր Կոստանդնոպոլսի Ս. Սոֆիա տաճարի գմբեթը։
Արթուր Հակոբյան





























