Հայաստանի 33 համայնքներից, որտեղ ապրիլի 17-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունեցել, 28-ում վերընտրվել են ՀՀԿ-ական համայնքի ղեկավարները:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, մնացած 5 համայնքներից 4-ում ընտրվել են անկուսակցական թեկնածուները, որոնք մինչ այդ էլ զբաղեցնում էին համայնքի ղեկավարի պաշտոնը: Եվ միայն Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում համայնքի ղեկավար է ընտրվել ՀՅԴ թեկնածու, անհատ ձեռներեց Հայկ Սարգսյանը՝ հաղթելով գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Ջիվան Քամալյանին:
Հատկանշական է, որ ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը դրսեւորել են բացահայտ պասիվություն: Մասնավորապես, ՀՅԴ-ն թեկնածու է առաջադրել միայն 2 համայնքում, եւ «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ)՝ 3 համայնքում, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ մեկ համայնքում:
Խորհրդարանական ուժերից ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ ԲՀԿ-ն ընդհանրապես որեւէ համայնքում թեկնածու չեն առաջադրել, թեեւ ԲՀԿ-ն նախկինում բավական ակտիվ էր տեղական ընտրություններում:





























