Օլիգարխներին պետք է կուլակաթափ անել, որովհետեւ չվճարելով հարկերը, տուրքերն ու կողոպտելով հայկական գանձարանը` նրանք զինաթափել են հայկական բանակը: Այս մասին այսօր` ապրիլի 18-ին, ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Օրենքով սահմանված կարգով հարկավոր է անաչառ ստուգումներ անցկացնել, եւ ամբողջ ապօրինի` գողացված ունեցվածքն ազգայնացնել»,- նշեց Ազատ Արշակյանը:

Նրա խոսքով` պատերազմի ժամանակ հայկական բանակն ապացուցեց իր մարտունակությունը, ժամանակն է, որ ձեռքբերված հաղթանակի շարունակությունն ապահովեն հայ դիվանագետները` միջազգային կառույցներում բարձրացնելով ուխտադրժության, հայի ու Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրը:

«Ասում են` պատերազմը դիվանագիտության շարունակությունն է, թող դիվանագիտությունն էլ լինի պատերազմի շարունակությունը:  94թ-ի զինադադարը պարտադրում էր կողմերին` չհարձակվել մեկը մյուսի վրա:  Մենք պայմանավորվել էինք, մինչդեռ մեր սահմանապահ ուժերի վրա հարձակվեցին նրանց ոչ սահմանապահ ուժերը, կիրառեցին ծանր հրետանի ու  զինտեխնիկա: Դա ուխտադրժություն է, դա նշանակում է, որ մեր քաղաքացիների կյանքը, ունեցվածքը, անվտանգությունը վտանգված են. մեզ վրա կարող են հարձակվել: Միջազգային հանրությունը պետք է մեր անվտանգությունն ապահովելու ձեւը գտնի. դիվանագետները պետք է այդ ուղղությամբ աշխատեն»,- նշեց Ազատ Արշակյանը: